Բաքուն հերքում է, թե խոչընդոտում է խաղաղ գործընթացը


Բաքուն հերքում է, թե խոչընդոտում է խաղաղ գործընթացը

  • 26-12-2022 12:19:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի արտգործնախարարությունը հերքում է, թե Բաքուն շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ ու խոչընդոտում է խաղաղ գործընթացը, ինչպես հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
 
Ադրբեջանի արտգործնախարարությունը Երևանին մեղադրում է «կեղծավորության» մեջ՝ «նույնքան անհիմն» որակելով հայկական կողմի պնդումները, որ Բաքուն խախտում է Պրահայի և Սոչիի պայմանավորվածությունները:
 
«Չնայած այն հանգամանքին, որ Պրահայի և Սոչիի համաձայնությունները նախատեսում են բոլոր խնդրահարույց հարցերի քննարկում և լուծում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա, հայկական կողմը չի հրաժարվել տարածքային պահանջներից Ադրբեջանի նկատմամբ և, ինչպես երևում է Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակից, շարունակում է գործողություններ իրականացնել Ադրբեջանի ինքնիշխանության դեմ», - ասված է հայտարարությունում:
 
Բաքուն պնդում է , որ «հենց հայկական կողմն է առաջ քաշել այն պայմանները, որոնք խոչընդոտել են դեկտեմբերին Բրյուսելում կայանալիք առաջնորդների հանդիպումը, նաև դեկտեմբերի 23-ի մոսկովյան հանդիպմանը մեկնելուց Հայաստանի արտգործնախարարի հրաժարվելը հստակ ցույց է տալիս, թե կոնկրետ ով է խոչընդոտում խաղաղության գործընթացը»:
 
Ադրբեջանի ղեկավարությունը որևէ կերպ շահագրգիռ չէ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմամբ, շաբաթ օրը հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունը՝ վկայակոչելով նույն օրը Իլհամ Ալիևի հնչեցրած մտքերը, մասնավորապես, թե՝ «Նոր ձևավորված Ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը, 1918 թվականին կայացրած առաջին որոշումներից մեկով, մեր պատմական քաղաքներից մեկը՝ Երևանը նվիրեց Հայաստանին։ Դա աններելի քայլ էր, դա դավաճանություն էր և հանցագործություն»։ Ադրբեջանի նախագահը նաև խոսել է ադրբեջանցիների՝ Սյունիք վերադարձի մասին։
 
Ալիևը նոյեմբերի վերջին չեղարկեց դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը Հայաստանի վարչապետի հետ, քանի որ Նիկոլ Փաշինյանը ցանկություն էր հայտնել, որ դրան մասնակցի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:
 
Բաքուն պնդում է, թե Փարիզը կողմնակալ է և չի կարող լինել միջնորդ Երևանի հետ բանակցություններում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play