Ռուսաստանը Հայաստանին ստիպում է միջանցք տրամադրել Ադրբեջանին, անդամակցել միութենական պետությանը. ԱԽ քարտուղար


Ռուսաստանը Հայաստանին ստիպում է միջանցք տրամադրել Ադրբեջանին, անդամակցել միութենական պետությանը. ԱԽ քարտուղար

  • 27-12-2022 13:53:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Իշխանությունն առաջին անգամ ամենաբարձր մակարդակով հայտարարում է՝ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ստիպում է Հայաստանին իր սուվերեն տարածքով միջանցք տրամադրել Ադրբեջանին, ինչպես նաև անդամակցել Ռուսաստան-Բելառուս ձևավորվող միութենական պետությանը։
 
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում երեկ ուղիղ հայտարարեց՝ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակումը Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա բանեցվող ճնշումների շրջանակում են։ Գրիգորյանի պնդմամբ՝ վերջին շրջանում վառ արտահայտվող հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի հիմնական պատճառը հենց սա է։
 
«Այդ լայն կոնտեքստը, այսպես ասած, Ադրբեջանին աջակցելու, Հայաստանի տարածքով այսպես կոչված միջանցքային տրամաբանության որևէ ճանապարհ ստանալու կոնտեքստում է: Հայաստանը շարունակում է դիմադրել սրան: Ի դեպ, կարող եմ հստակ ասել, որ սեպտեմբերի 13-ի սրացումը նաև փոխկապակցված է սրա հետ, և ամբողջ ճգնաժամի հենքը կամ դրդապատճառը հիմնական սա է», - հայտարարեց Գրիգորյանը:
 
Հարցին՝ «այս ամենը միջանցքի՞ համար է», Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանեց. - «Նաև: Այսինքն՝ արտատարածքային միջանցք՝ Հայաստանի տարածքում»:
 
«Այս ճնշումը՝ Լաչինում որ կա, այս իրադարձությունները», - այս դիտարկմանն էլ Գրիգորյանն արձագանքեց. - «Բնականաբար, դրա մասին է այդ ամբողջ ճնշումները»:
 
Անվտանգության խորհրդի քարտուղարը նաև առաջին անգամ հաստատեց իշխանական որոշ պատգամավորների շուրթերով հնչող այն պնդումը, որ Ռուսաստանը ստիպում է Հայաստանին անդամակցել միութենական պետությանը։ Գրիգորյանը պնդեց, որ Հայաստանը դիմադրում է ռազմավարական դաշնակցի այդ ցանկությանը և պատասխան է ստանում ռազմական ճնշումների ձևով։ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծեց՝ Սահմանադրությամբ Հայաստանը ինքնիշխան պետություն է և մնալու է այդպիսին, իսկ սուվերությունը պաշտպանելը այս իշխանության առաքելությունն է։
 
«Միութենական պետության հետ կապված՝ բնականաբար, Հայաստանի հանդեպ ճնշումները նաև այստեղից են գալիս: Եվ Հայաստանի ժողովրդավարությունը և ժողովրդավարական համակարգը երբ որ դիմադրում է դրան, ապա ստանում է այլ տեսակի ճնշումներ՝ ռազմական տեսքով», - հայտարարեց Արմեն Գրիգորյանը:
 
Ռուզաննա Ստեփանյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play