Խաղաղապահների միջոցով Արցախում հանդիպելու առաջարկ է փոխանցվել Ադրբեջանին


Խաղաղապահների միջոցով Արցախում հանդիպելու առաջարկ է փոխանցվել Ադրբեջանին

  • 11-04-2023 11:50:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար։
 
Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը երկրորդ անգամ հանդիպման է հրավիրել Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ շարունակելու շփումները «վերաինտեգրման», ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցը քննարկելու համար։
 
Առաջարկվել էր հանդիպում անցկացնել Բաքվում։
 
Ի պատասխան Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպում անցկացնելու մասին՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի առաջարկի՝ Արցախի ԱԳՆ-ից հայտնել էին, որ Արցախի Հանրապետությունը հավատարիմ է նախկինում հայտնած իր դիրքորոշմանն առ այն, որ նման հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ նույն վայրում, ինչպես ս.թ. մարտի 1-ին, հումանիտար, ենթակառուցվածքային, տեխնիկական հարցերի շուրջ, առանց դրանց անհարկի քաղաքականացման:
 
Արցախում կողմերի հանդիպում նախկինում եղել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ և մասնակցությամբ մարտի 1-ին:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play