Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ուղղությամբ տեխնիկական աշխատանքներն ընթացքի մեջ են․ Չավուշօղլու


Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ուղղությամբ տեխնիկական աշխատանքներն ընթացքի մեջ են․ Չավուշօղլու

  • 11-04-2023 16:00:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Մևլութ Չավուշօղլուն թուրքական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին, պատասխանել երկու երկրում դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու հավանականության մասին հարցին:
 
«Մոտ ապագայում դա կարող է չլինել։ Նախ պետք է մյուս քայլերը կատարենք»,- նշել է Մևլութ Չավուշօղլուն։
Նա հավելել է, որ թուրքական կողմի համար կարևոր է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող գործընթացը, և Անկարան աջակցում է կայուն խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Թուրք դիվանագետը կարևորել է տարածաշրջանում լոգիստիկ, տրանսպորտային նախագծերի իրականացումը՝ ընդգծելով, որ այժմ Արևելք-Արևմուտք` «Միջին» միջանցքը կենսական նշանակություն է ձեռք բերել։
 
«Հայաստանի հետ մեր օդային տարածքն ենք բացել, օդային բեռնափոխադրումներ, երկկողմ թռիչքներ ենք սկսել։ Մեր օդային տարածքով Հայաստանի ավիաընկերությունները երրորդ երկրներ էլ են կարողանում թռչել»,- մանրամասնել է Չավուշօղլուն։
 
Նա նաև ընդգծել է Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանի բացման համար անհրաժեշտ է կարգի բերել ենթակառուցվածքները։
 
«Այս ուղղությամբ տեխնիկապես աշխատանքներ են կատարվում։ Իրականացվում են նաև համատեղ որոշ աշխատանքներ, տեղում ուսումնասիրություններ»,- ասել է նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play