ԱԱԾ տնօրենն է վարչապետին առաջարկել սահմանապահ զորքերի հրամանատարին ազատել պաշտոնից. Քոչարյան


ԱԱԾ տնօրենն է վարչապետին առաջարկել սահմանապահ զորքերի հրամանատարին ազատել պաշտոնից. Քոչարյան

  • 14-04-2023 13:38:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանին պաշտոնից ազատելու համար հիմք է հանդիսացել ԱԱԾ տնօրենի առաջարկը վարչապետին:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ճեպազրույցում: 
 
«Նրա հետ առնչվել եմ որպես հանձնաժողովի նախագահ, ինքը և բարոյական, և մասնագիտական առումով բարձրակարգ սպա է»,-ասաց Քոչարյանը:
 
Թե Սահմանապահ զորքերի հրամանատարին պաշտոնից ազատելը որքանո՞վ է կապված Տեղ գյուղի դեպքերի հետ՝ Քոչարյանն ասաց, որ ինչ-որ չափով կարող է առնչություն ունենալ, բայց ծառայողական քննությունը պետք է տա պատասխան:  
 
«Կարող է և սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնազրկումը կապված չէ դրա հետ, կարող է և կապված է: Բայց, ամեն դեպքում, պաշտոնազրկման համար հիմք է հանդիսացել ԱԱԾ տնօրենի առաջարկը վարչապետին: Դա քննարկման առարկա չէ»,-ասաց Քոչարյանը:
 
Նա հորդորեց ազատումը չկապել միայն Տեղ գյուղի դեպքերի հետ՝ նշելով, որ դա կարող է նաև պաշտոնների տեղաշարժով պայմանավորված լինել: Եվ դա պետք է միտված լինի հետագայում սահմանապահ զորքերի, պաշտպանական գերատեսչության ստորաբաժանումների ներդաշնակ համագործակցությանը:
 
Արման Մարալչյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից ազատվելու մասին հայտնի էր դարձել ապրիլի 12-ին:
 
Ավելի վաղ՝ ապրիլի 11-ին ժամը 16:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սկսել էին կրակ բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների:  Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր:
 
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play