ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀՈՎՎԱՊԵՏԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵՑ
ՀՆԴԿԱՍՏԱՆ
04-11-2008 22:00:00 | Հայաստան | Հասարակություն
ԷՋՄԻԱԾԻՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գարեգին Բ Ծայրագույն
Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոյեմբերի 4-ին հովվապետական
այցով մեկնեց Հնդկաստան: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից:
Այցի ընթացքում Նորին Սրբությունը երեք օր կհյուրընկալվի
Հնդիկ Մալանկարա Ուղղափառ Քույր Եկեղեցու պետ Նորին Սրբություն
Բասիլիոս Մարթոմա Դիդիմոս Ա-ի կողմից (Հնդկաստանի Քերալլա նահանգ):
Այնուհետեւ Վեհափառ Հայրապետը կնախագահի Կալկաթայի Ս. Նազարեթ
հայկական եկեղեցու հիմնադրման 300-ամյակին նվիրված
տոնակատարությունները:
Հովվապետական այցի ընթացքում Հայոց Հայրապետի ձեռամբ
կվերաօծվի Մադրասի Ս. Աստվածածին հայկական եկեղեցին: Վեհափառ
Հայրապետի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաեւ Տինգրայի Ս.
Երրորդություն, Չինսուրահի Ս. Հովհաննես, Սեյդաբադի Ս. Աստվածածին
հայկական եկեղեցիները: Կալկաթայում Հայոց Հայրապետը կայցելի նաեւ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Հայոց Մարդասիրական
Ճեմարան: