Ըստ Վահան Հովհաննեսյանի, Թուրքիայի վարչապետի<br /> հայտարարությունը որոշ տարրերի կողմից կարող է ընկալվել որպես<br /> հակահայկական գործողությունների ազդակ<br />


Ըստ Վահան Հովհաննեսյանի, Թուրքիայի վարչապետի
հայտարարությունը որոշ տարրերի կողմից կարող է ընկալվել որպես
հակահայկական գործողությունների ազդակ

  • 19-03-2010 20:52:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի վարչապետի հայտարարությունը «ցույց է տալիս ամբողջ աշխարհին, որ Թուրքիայի ձեռագիրը չի փոխվել. իշխանությունները փոխվում են, բայց ձեռագիրը` ոչ: Մարտի 19-ի ճեպազրույցում այս կարծիքը հայտնեց Հայաստանի Ազգային Ժողովի դաշնակցական պատգամավոր Հրայր Կարապետյանը` նկատելով, որ 1915թ.-ի Ցեղասպանությունը սկսվել է հենց հայերի տարհանման անվան տակ: «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանն էլ նշեց, որ միջազգային որոշ շրջանակներում Թուրքիան համարվում է ավելի ժողովրդավարական երկիր, քան Հայաստանը: Սակայն Էրդողանն իր վերջին հայտարարություններով, «հավանաբար, պահի տակ դիմակը կորցրեց, եւ աշխարհը տեսավ, թե ինչ երկրի հետ գործ ունի»: «Այն հայերին, ովքեր այս կամ այն տնտեսական պատճառներով հայտնվել են Թուրքիայում, խորհուրդ եմ տալիս անհապաղ լքել այդ երկիրը, որովհետեւ պարզ է, թե ում հետ գործ ունենք, եւ պարզ է, որ նման բարձր ատյանից հնչած սպառնալիքը որոշ տարրերի կողմից կարող է ընկալվել որպես հակահայկական գործողությունների ազդակ»,- ասաց Վ.Հովհաննեսյանը: Նա նշեց նաեւ, որ թեեւ 1915թ.-ի հետ համեմատությունն իհարկե տեղին է, բայց ոչ այնքան ճշգրիտ, քանի որ «1915թ.-ին հայությունն Օսմանյան կայսրությունում աշխատանքային միգրանտ չէր, այլ տեղաբնակ, թուրքերն էին միգրանտ, որ եկել էին այդ տարածքի վրա»: Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը, մասնավորապես, հայտարարել էր, թե այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է վտանգել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ վնասում է հենց Հայաստանի ժողովրդին: Նա նաեւ սպառնացել էր, թե «ամեն բան նույն կերպ» շարունակվելու դեպքում իրենք ստիպված կլինեն «վերագնահատել իրավիճակը եւ համապատասխան քայլեր ձեռնարկել». երկրից վտարել, իր հաշվարկներով, 100 հազար հայ միգրանտներին, որոնք Թուրքիայիոմ ապրում են ավելի քան 10 տարի:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play