Իմ կարոտն իմ ժողովրդից չի հագեցել,- ասում է Սոս Սարգսյանը<br />


Իմ կարոտն իմ ժողովրդից չի հագեցել,- ասում է Սոս Սարգսյանը

  • 19-02-2010 20:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սոս Սարգսյանի 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսություն էր կազմակերպվել Երեւանի Ազգային գրադարանում, որտեղ գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը ժողովրդի կողմից շատ սիրված դերասանին պարգեւատրեց «Հակոբ Մեղապարտի» անվան մեդալով, Ազգային գրադարանի 175-ամյակի առթիվ պատրաստված հուշանվերով եւ նվիրեց «Արարատ» գրիք-ալբոմը, որի հեղինակ Սեմ Հովհաննիսյանը եւս ներկա էր հանդիսությանը: Սոս Սարգսյանն իր հերթին գրադարանին նվիրեց իր հեղինակած երկու գրքերը, հավելելով, որ երբեւէ չեր պատկերացրել, որ իր համեստ գրքերը տեղ կգտնեն Ազգային գրադարանի պահոցներում, հայոց մեծերի կողքին, այն էլ այսօր. փետրվարի 19-ին, հանճարեղ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը: «Ես այն երջանիկ մարդն եմ, որ ապրել եմ գրքի դարում: Աստվածային գործ է մարդու եւ գրքի հետ շփվելը»,- նշեց Սարգսյանը: Մեծարման արարողությանը ներկա էին դերասաններ Կարեն Ջանիբեկյանը, Արմեն Էլբակյանը, Մայրանուշ Գրիգորյանը, «Լոռի» հայրենակցական միության ներկայացուցիչ Վազգեն Խաչիկյանը, արվեստի բազմաթիվ ներկայացուցիչներ: Վազգեն Խաչիկյանի բնորոշմամբ Սոս Սարգսյանն այն մարդն է, ով հայ ժողովրդին տարել է մինչեւ տիեզերք: Մայրանուշ Գրիգորյանը Սոս Սարգսյանին նվիրեց Հրաչյա Հովհաննիսյանի «Լույս իջնի թող շիրիմին» բանաստեղծությունը, ավելացնելով. «Դուք արդեն դարավոր ընկուզենի եք, առաջին անգամ էկրան բարձրանալուս համար պարտական եմ Ձեզ: Եթե Աստծո դռները բաց են, ես իմ կյանքի տասը տարիները Ձեզ եմ նվիրում»: Կիսվելով իր հիշողություններով եւ տպավորություններով, Սոս Սարգսյանը խոստովանեց, որ ձգտում է երկու բան անել. չհեռանալ Հայաստանից, որովհետեւ ամեն մի օրը իր համար Աստծո նվեր է, եւ շատ շփվել ժողովրդի հետ, քանի որ իր կարոտը չի հագեցել:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play