Եգիպտոսի «Հայ քրիստոնյա ընտանիքը» ուխտագնացություն է
կազմակերպում դեպի Ուատի Նաթրուն
04-02-2010 17:15:00 | Եգիպտոս | Մշակույթ
ԿԱՀԻՐԵ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Եգիպտոսի
«Հայ քրիստոնյա ընտանիք» կազմակերպությունը, որ հիմնադրվել է
1999-ին, ամեն տարի ուխտագնացություն է կազմակերպում եւ այս տարին
էլ բացառություն չէ: Ինչպես տեղեկացնում է «Ազդակը», այս
կազմակերպության նախաձեռնությամբ փետրվարի 5-ին երիտասարդների եւ
պատանիների համար` երեք վանքերի ուխտագնացություն է կազմակերպվելու
դեպի Ուատի Նատրուն, որը գտնվում է Կահիրե-Ալեքսանդրիա ճանապարհին:
«Անկախ մեր` միասին ուխտագնացություն կատարելու փափագին, այս
ուղեւորությունը կազմակերպվելու է կիսամյա արձակուրդի օրերին,
որպեսզի հարմար լինի եւ երիտասարդներին, եւ պատանիներին»,- ասել է
կազմակերպության անդամ Արթին Քրեկյանը: Ուխտագնացության համար
Առաջնորդարանը վարձել է երկու 45-տեղանոց ավտոբուս, որոնք
մեկնարկելու են Նուբարյան Ազգային վարժարանի եւ Ս.Գրիգոր
Լուսավորիչ եկեղեցու մոտից: Քրեկյանը նշել է, որ արդեն գրանցվել են
30 հոգի, բայց այդ թիվը վստահաբար պիտի ավելանա, քանի որ
Ալեքսանդրիայից էլ պիտի միանան դպրոցականներ, երիտասարդներ եւ
ծնողներ: Մասնակցության արժեքը 20 եգիպտական ոսկի է:
Կազմակերպչական գործերը ստանձնել են «Հայ քրիստոնյա ընտանիքի»
անդամներ Ռոբեր Թաշչյանը, Անի Պողոսյանը, Րաֆֆի Պողոսյանը եւ Կարեն
Եանըգյանը: