ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ԿԱՐԵՆ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ<br /> ԱՆՍԱՄԲԼՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ԿԱՐԵՆ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ
ԱՆՍԱՄԲԼՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

  • 28-10-2008 15:50:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հոկտեմբերի 28-ին մեկնարկեց Հայաստանում առաջին անգամ կազմակերպված Երեւանի պետական կոնսերվատորիայի Կամերային անսմբլների կատարողական արվեստի հիմնադիր (1961թ.), պրֆեսոր, արժանահիշատակ Կարեն Կոստանյանի անվան Կամերային անսամբլների հանրապետական մրցույթը: Հայաստանի 16-35 տարեկան երաժիշտ-կատարողներ մրցութային երկու փուլերի ընթացքում կներկայացնեն հայկական, դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները. առաջին փուլում կկատարվեն միայն հայկական եւ դասական ստեղծագործություններ, իսկ 2-րդում` ռոմանտիկ եւ ժամանակակից: Մրցույթին մասնակցում են 11 դուետ, 4 տրիո, 1 կվարտետ եւ 2 կվինտետ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց մրցույթի կազմակերպիչ Երեւանի պետական երաժշտանոցի Կամերային անսամբլների կատարողական արվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալլա Բերբերյանը, Հայաստանում մինչ օրս կազմակերպվել եւ անցակացվել են դաշնակահարների, ջութակահարների, թավջութակահարների բազմազան մրցույթներ ու փառատոներ, սակայն կամերային անսամբլների մրցույթ երբեւէ չի եղել: Նրա խոսքերով, 1990 թվականին նման մի մրցույթ կազմակերպելու փորձ կատարել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, սակայն այն այդպես էլ չի իրականացել: «Հետաքրքիր ծրագիր է սպասվում ունկնդիրներին: Առաջին անգամ մի փոքր դժվարություններ ունեցանք կազմակերպչական հարցերում: Սակայն հուսով եմ, որ հետագայում այդ ամենը կհարթվի, եւ մրցույթն էլ կզարգանա ու կընդլայնվի»,- ընդգծեց Ալլա Բերբերյանը: Նրա խոսքերով, իրենք ընտրություն չեն կատարել մասնակցության հայտ ներկայացրած անսամբլների միջեւ, եւ մրցույթին մասնակցում են բոլոր դիմողները, սակայն, հետագայում, երբ այն ընդլայնվի, կկատարվի նաեւ ընտրություն: Ա.Բերբերյանը տեղեկցրեց նաեւ, որ մասնակիցների ելույթների հերթականությունը կորոշվի վիճակահանությամբ: Մրցույթի ժյուրին գլխավորում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Իգոր Յավրյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play