ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱԿՈՒՄԲ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱԿՈՒՄԲ

  • 12-06-2008 15:34:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ Երեւանում կբացվի աշխատանքի ակումբ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց գործակալության մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը, ակումբի բացումը տեղի կունենա հունիսի 13-ին` Էրեբունու համայնքի Զբաղվածության տարածքային կենտրոնում: Նա նշեց, որ իր նպատակներով եւ գործունեության ձեւերով աշխատանքի ակումբը տարբերվում է աշխատանքի տեղավորման գործակալությունից: Ա.Հարությունյանի խոսքերով, աշխատանքի ակումբը կգործի զբաղվածության նշված տարածքային կենտրոնին կից, նրա գործունեությունը ուղղված կլինի ինքնակազմակերպման ու միմյանց օգնելու ճանապարհով գործազուրկ բնակչությանը աշխատաշուկա վերադարձնելուն: Ակումբում գործազուրկները կարող են ստանալ տեղեկատվություն աշխատաշուկայում պահանջարկված մասնագիտությունների, զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի վերաբերյալ, ձեռք բերել աշխատանք որոնելու հմտություններ, ծանոթանալ գործատուին դիմելու ընթացակարգին: Այդ նպատակով աշխատանքի ակումբում պարբերաբար կկազմակերպվեն հանդիպումներ տեղական ինքնակառավարման մարմինների, գործատուների, այդ խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ա.Հարությունյանը նշեց նաեւ, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում արդեն գործում է Հայաստանում առաջին աշխատանքի ակումբը, որը բացվել է մայիսին: Ակումբների բացումը նախատեսված է Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման ծրագրով` գերմանական GVG կազմակերպության աջակցությամբ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play