ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԿԱՐԻՉԸ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ ՄԻՔԻՉ<br /> ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ, ԲԱՅՑ ԻՐԵՆ ՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ ՄԻՆԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ՈՃՈՎ<br />


ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԿԱՐԻՉԸ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ ՄԻՔԻՉ
ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ, ԲԱՅՑ ԻՐԵՆ ՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ ՄԻՆԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ՈՃՈՎ

  • 23-05-2008 15:50:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 2-25-ը Նորարարական փորձարարական արվեստի կենտրոնում գործում է երիտասարդ նկարիչ Սամվել Վանոյանի «Ենթագիտակցական զուգորդություններ» խորագրով ցուցահանդեսը: Ցուցադրանքում ներկայացված աշխատանքները իրենց բնույթով բավականին տարբեր են, իսկ դիտողի համար մի քիչ անհասկանալի: Ս.Վանոյանի խոսքերով, ցուցահանդեսում ներկայացված են մինիմալիստական գործեր: Մինիմալիզմի ուղղությունը սկզբնավորվել է 1960-70-ական թվականներին ԱՄՆ-ում. այն հակադիր է էքսպրեսիվ արվեստին: Հիմնադիրը համարվում է Ֆրանկստելը: Այն առաջացել է մի քանի ուղղություններից` աբստրակցիա, սուպրեմատիզմ, պոպարտ, դադաիզմ, կոնստրուկտիվիզմ: Ս.Վանոյանի բնորոշմամբ, մինիմալիստական ոճը ավելի շատ սառը, ձանձրալի զգացողություն է առաջացնում, սակայն այդ ոճն իրեն հոգեհարազատ է: «Այս նկարները դուրս են ժողովրդի մասսայական ճաշակի չափանիշներից: Նայելով պետք է զգաս, խորանաս, վերլուծես եւ հասկանաս տվյալ նկարի իմաստը, այլ ոչ մեկ անգամ նայելով միանգամից հասկանալի լինի դիտողի համար»,- նշեց Ս.Վանոյանը: Նրա կարծիքով, առարկաների նկատմամբ ունեցած մեր պատկերացումներն ավելի հզոր են, քան դրանց հարթ մակերեսներով եւ ոչ համապատասխան գունային լուծումներով ստացված պատկերները, որոնք հնարավորություն են տալիս ավելի խորը թափանցելու նրանց էության նոր իմաստի մեջ: Ս.Վանոյանի խոսքերով, պատկերները գունային լուծումների ու ձեւերի զուգորդումների միջոցով կապ է հաստատում նրանց վերացական իմաստավորման եւ տվյալ գույնից առաջացած զգացմունքային դաշտի միջեւ: Նշենք, որ սա Ս.Վանոյանի առաջին անհատական ցուցահանդեսն է, սակայն երիտասարդ նկարիչը մասնակցել է նաեւ մի շարք խմբակային ցուցահանդեսների:
Նոյյան տապան  -   Մշակույթ