ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ACP-Ի ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ<br /> ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ<br />


ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ACP-Ի ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ
ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

  • 25-09-2007 21:10:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 25-ին Երեւանում տեղի ունեցավ անզուտ պղնձի արտադրությամբ եւ իրացմամբ զբաղվող «Արմենիան քափըր փրոգրամ» (Armenian Copper Programme) ՓԲԸ-ի կողմից թողարկվող պարտատոմսերի տեղաբաշխման շնորհանդեսը: Պարտատոմսերի թողարկման կազմակերպիչն ու գլխավոր տեղաբաշխողը «Արմսվիսբանկ»-ն է, որը երաշխավորել է պարտատոմսերի ամբողջ` 500 մլն դրամի (մոտ 1,47 մլն ԱՄՆ դոլար) չափով ծավալի տեղաբաշխումը: Ըստ ACP-ի հիմնադիր «Վալլեքս գրուպ» ընկերության ֆինանսական տնօրեն Գագիկ Արզումանյանի, պարտատոմսերի ընդհանուր ծավալի 80%-ը տեղաբաշխվում է սինդիկատի միջոցով, որի կազմում ընդգրկվել են «Արմսվիսբանկ»-ը, Զարգացման հայկական բանկը եւ «Ֆյուչր կապիտալ մարկետ»-ը: Նրա խոսքերով, պարտատոմսերի մնացած 20%-ը նախատեսվում է տեղաբաշխել բաժանորդագրության միջոցով` մասնակցության հնարավորություն ընձեռելով նաեւ մյուս ներդրողներին: Նշվեց, որ պարտատոմսերի անվանական արժեքը 50 հազար դրամ է, քանակը` 10 հազար հատ, իսկ տարեկան տոկոսադրույքը` 10%: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի խոսքերով, պարտատոմսերի թողարկումը, որպես արժեթղթերի շուկայի զարգացման գործում առաջին քայլերից մեկը, նոր գործառույթ է ինչպես ոլորտի մասնակիցների, այնպես էլ ՀՀ քաղաքացիների համար, որը ընդլայնում է Հայաստանի ֆինանսական շուկայի հնարավորությունները: Նա հույս հայտնեց, որ այդ օրինակին կհետեւեն նաեւ հայաստանյան այլ ձեռնարկություններ, որոնք այլընտարանքային ֆինանսավորման կարիք ունեն: Նշենք, որ ACP-ն պարտատոմսեր թողարկող հայաստանյան 5-րդ ձեռնարկությունն է` «Վալլետտա», «Շեն կոնցեռն», «Կասկադ», «Հայռուսգազարդ» ընկերություններից հետո:
Նոյյան տապան  -   Տնտեսություն