ՊԱՐՈՆՅԱՆՑԻՆԵՐԸ ՆՈՐ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ ԿԲԱՑԵՆ ՉՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԵՎ<br /> ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔՈՒՄ<br />


ՊԱՐՈՆՅԱՆՑԻՆԵՐԸ ՆՈՐ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ ԿԲԱՑԵՆ ՉՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԵՎ
ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔՈՒՄ

  • 06-09-2007 19:45:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի 65-րդ թատերաշրջանը կբացվի սեպտեմբերի 7-ին «Ատամնաբույժն արեւելյան» ներկայացումով: Ինչպես սեպտեմբերի 6-ի ասուլիսում հայտնեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, ներկայացումը նվիրվելու է «Ատամնաբույժն արեւելյան» օպերետի առաջին բեմելի 70-ամյակին: «70 տարի առաջ հայ թատրոնի դասական Վարդան Աճեմյանի բեմադրությամբ թատրոնում առաջին անգամ ներկայացվեց «Ատամնաբույժն արեւելյան» ներկայացումը: Իսկ Արտեմի Այվազյանի, Վարդան Աճեմյանի, Էդուարդ Համբարձումյանի, Սվետլանա Գրիգորյանի եւ թատրոնի լեգենդ Կարպ Խաչվանքյանի մասնակցությունը այդ բեմադրությունում վկայում է թատրոնի հիմքի պրոֆեսիոնալ լինելը»,- նշեց Ե.Ղազանչյանը: Ըստ նրա, թատրոնը հավատարիմ մնալով իր ավանդույթներին խաղացանկը համալրել է հիմնականում հայ դասական եւ ժամանակակից հեղինակների գործերով: Անդրադարնալով թատրոնի երիտասարդացման խնդրին, Ե.Ղազանչյանը հայտնեց, որ վերջին 2 տարում 7 երիտասարդ դերասաններ են ընդունվել խումբ: «Որ թատրոնում էլ աշխատել եմ, այն բլոկադայի չեմ ենթարկել: Հիմա մեր թատրոնի ոչ միայն դռները, այլ նաեւ պատուհաններն են բաց բոլոր այն երիտասարդ ռեժիսորների ու դերասանների առջեւ, ովքեր կցանկանան մեզ մոտ աշխատել»,- հայտարարեց թատրոնի ղեկավարը: Անդրադառնալով թատրոնի շենքի վերանորոգման աշխատանքներին, թատրոնի տնօրեն Կ.Շահբազյանը նշեց. «Այսօր Երեւան քաղաքում բացի մեր թատրոնից չկա մեկը, որ վերանորոգված չլինի: 2002 թվականին, երբ վերանորոգվում էին մշակութային օջախները, որոշվեց, որ մեր թատրոնը պետք է գործի: 2 տարի օր ու գիշեր երաժշտական կոմեդիայի թատրոնը սպասարկեց հանրությանը: Այդ ծանրաբեռնվածությունն էլ նպաստեց բեմական մեխանիզացիայի ժամանակից շուտ շարքից դուրս գալուն»: Կ.Շահբազյանը փաստեց, որ շենքային վատ պայմանների, ձմռանը ջեռուցման բացակայության պատճառով ստիպված են լինում 2 անգամ թատերաշրջանը բացել: «Այս տարի պետական բյուջեյից որոշակի գումար էր հատկացվել տանիքի վերանորոգման համար: Սակայն վերանորոգման աշխատանքները 15 օր է ընդհատված են, տանիքն էլ կիսատ է վերանորոգված: Պատճառը նախագծային եւ նախահաշվային սխալն է, ու հիմա չգիտենք, թե ինչ է լինելու քանդված տանիքի հետ»,- հավելեց նա:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play