ԹԱԼԻԲՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱԶԱՏԵԼ ԿՈՐԵԱՑԻ ԲՈԼՈՐ ՊԱՏԱՆԴՆԵՐԻՆ
28-08-2007 17:30:00 | Աֆղանստան | Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Թալիբան» շարժումը
պատրաստ է ազատ արձակել 19 հարավկորեացի պատանդներին, հաղորդում է
«Ֆրանսպրես» գործակալությունը վկայակոչելով գրոհայինների
ներկայացուցչին: Ըստ նրա, թալիբների եւ Սեուլի պաշտոնական
ներկայացուցիչների միջեւ բանակցությունների վերջին փուլի ընթացքում
պայմանավորվածություն է ձեռք բերվել պատանդների կյանքի դիմաց
Աֆղանստանից Հարավային Կորեայի զորակազմի դուրսբերման մասին:
«Թալիբանի» պաշտոնական ներկայացուցիչ Յուսուֆ Ահմադին
հաստատել է, որ բանակցությունները եղել են հաջող, սակայն, թե ինչով
են դրանք ավարտվել, թալիբը հրաժարվել է պատմել: Այդուհանդերձ,
Հարավային Կորեայի նախագահի գրասենյակում հայտարարել են, որ
գրոհայինները իրոք համաձայնել են բաց թողնել 19 պատանդներին:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին թալիբները գրավել էին կորեացի 23
միսիոներների ավտոբուսը: Նրանց ազատելու համար գրոհայինները
պահանջում էին Աֆղաստանից դուրս բերել Հարավային Կորեայի
զինվորներին, ինչպես նաեւ բանտերից ազատել իրենց կողմնակիցներին: