ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐ ԵՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ 8115<br /> ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐ<br />


ՕԳՈՍՏՈՍԻ 27-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐ ԵՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ 8115
ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐ

  • 27-08-2007 20:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 27-ի դրությամբ մայրաքաղաքի դպրոցներ են ընդունվել 8115 առաջին դասարանցիներ: Այս մասին նույն օրվա ասուլիսում հայտնեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը: Նա նշեց, որ քաղաքապետի հանձնարարականով մինչեւ օգոստոսի 30-ը պետք է կարգավորված լինեն դպրոցների անխափան ջրա- եւ էլեկտրամատակարարման հարցերը: Իսկ Երեւանի պետավտոտեսչությունը, ըստ Կ.Արեյանի, դպրոցամերձ տարածքներում կիրականացնի անվտանգ երթեւեկության հսկողության տասնօրյակ: Փոխքաղաքապետի խոսքերով, առաջին դասարանցիներին բոլոր դասագրքերը կտրամադրվեն անվճար: Մյուս դասարանների աշակերտներին դասագրքերը կտրվեն վարձակալությամբ. ուստարվա վերջին դրանք ենթակա են վերադարձման: Կ.Արեյանը նշեց նաեւ, որ մայրաքաղաքի մի շարք դպրոցներում կիրականացվի ավագ դպրոցի համակարգի ներդրման փորձնական ծրագիր: Ըստ նրա, հանրակրթական հաստատություներում այդ համակարգը վերջնականապես կներդրվի 2009-2010 ուստարում: Փոխքաղաքապետը հայտնեց նաեւ, որ նոր ուստարում դպրոցներում նախապատրաստական աշխատանքներ են իրականացվելու միասնական քննությունների անցկացման համար: Նշվեց նաեւ, որ հանրակրթական հաստատություններում ուսումնական շաբաթը կլինի վեցօրյա:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play