ԱՄՆ-Ն ՈՐՈՇԵԼ Է ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
ՆԵՐԱՌԵԼ ԻՐԱՆԻ ԷԼԻՏԱՐ ԶՈՐՔԵՐԸ
15-08-2007 20:20:00 | ԱՄՆ | Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ն որոշել է
ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկել Իրանի էլիտար
զորքերը` 125-հազարանոց Իսլամական հեղափոխության պահապանների
կորպուսը (ԻՀՊԿ): Այս մասին հաղորդում է «Washington Post»-ը:
ԱՄՆ-ի վարչակազմի այս որոշումը կապված է Իրաքի եւ Աֆղանստանի
գործերին ԻՀՊԿ-ի հարաճուն միջամտության, ինչպես նաեւ այն
աջակցության հետ, որը ցուցաբերում է 125-հազարանոց էլիտար կորպուսը
ծայրահեղականներին ողջ Մերձավոր Արեւելքում:
Այդպիսով ԻՀՊԿ-ն կդառնա առաջին պետական ռազմական
ստորաբաժանումը, որը կներառվի ահաբեկչական կազմակերպությունների
ամերիկյան ցուցակում: Սա բացառիկ դեպք է, քանի որ իրանական
կորպուսը ներկայացնում է կառավարական ուժերը` ի տարբերություն
սովորական ահաբեկչական խմբավորումների, որոնք գործում են
ինքնուրույն:
WP-ը, վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, որ Սպիտակ տան
այս որոշումը թույլ կտա արգելափակելու բոլոր «Իսլամական
հեղափոխության պահապանների» հաշվեհամարները ԱՄՆ-ի տարածքում: Եվ
քանի որ հենց նրանք են գործնականում վերահսկում Իրանի տնտեսության
բոլոր ճյուղերը, սպառնալիքի տակ կհայտնվի աշխարհի ցանկացած
ձեռնարկություն, որը որեւէ գործնական շահ ունի Իրանում: