ԽԱՎԻԵՐ ՍՈԼԱՆԱՆ ՀԱՄԱՐՈՒՄ Է, ՈՐ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ<br /> ԿԱՐՈՂ ՆԱԽԱԴԵՊ ԴԱՌՆԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆ ՌԵԺԻՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ<br />


ԽԱՎԻԵՐ ՍՈԼԱՆԱՆ ՀԱՄԱՐՈՒՄ Է, ՈՐ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ
ԿԱՐՈՂ ՆԱԽԱԴԵՊ ԴԱՌՆԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆ ՌԵԺԻՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

  • 02-08-2007 18:20:00   | Հայաստան  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպական միության արտաքին կապերի գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան համարում է, որ անկախության կարգավիճակի շնորհումը Կոսովոյին չի կարող նախադեպ դառնալ աշխարհի տարբեր երկրների անջատողական ռեժիմների համար: «Կոսովյան հարցը այնպիսի հարց է, որը չի կարող համեմատվել որեւէ այլ տարածաշրջանի իրադրության հետ»,- հայտարարել է Սոլանան «Թրենդին» տված բացառիկ հարցազրույցում: Սոլանան ափսոսանք է արտահայտել այն առնչությամբ, որ Կոսովոյի խնդրին վերաբերող խաղաղ համաձայնություն այդպես էլ ձեռք չբերվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակում: «Կարծում եմ, իրավիճակից լավագույն ելքը այժմ կլինի եւս մի շանս ընձեռել բանակցություններին: Դա սկզբունքորեն հենց այն է, ինչին հանգել են ԵՄ նախարարները հուլիսի 23-ի հանդիպմանը»,- ասել է հանձնակատարը: Այդուամենայնիվ, նա նշել է, որ այդ բանակցությունները չեն կարող անվերջ շարունակվել, եւ պետք է եզրափակվեն 120 օրվա սահմաններում: «Ես դիմում եմ Բելգրադին եւ Պրիշտինային ակտիվորեն եւ կառուցողականորեն բանակցությունների եզրափակիչ շրջափուլում ներգրավվելու խնդրանքով: ԵՄ-ն ուզում է այդ գործընթացը առաջ մղել եւ տեւական լուծում գտնել Կոսովոյի կարգավիճակի հարցին: Մենք շեշտը դնում ենք այդ հարցում կարծիքների ընդհանրության վրա` եվրոպական շահերի պաշտպանության, ինչպես նաեւ Բալկաններում եվրոպական ապագայի կայունության եւ բարգավաճման համար»,- ընդգծել է Սոլանան:
Նոյյան տապան  -   Միջազգային