ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ՖՐՈՒՆԶԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ. ԿՅԱՆՔԸ<br /> ԺԱՊԱՎԵՆԻ ՎՐԱ» ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ<br />


ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ՖՐՈՒՆԶԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ. ԿՅԱՆՔԸ
ԺԱՊԱՎԵՆԻ ՎՐԱ» ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

  • 04-07-2007 16:43:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 4-ին` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան օրը, Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Ֆրունզիկ Մկրտչյան. Կյանքը ժապավենի վրա» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ռեժիսոր Հայկ Օրդյանը, ֆիլմում օգտագործվել են Հայաստանի Հանրային եւ վրացական հեռուստաընկերություններում պահվող արխիվային ժապավենները, ինչպես նաեւ դերասանի եղբոր եւ գործընկերոջ` Ալբերտ Մկրտչյանի անձնական արխիվից տրամադրած նյութերը: Ըստ Հ.Օրդյանի, ֆիլմի ստեղծագործական խումբը հանդիպել է բոլոր այն մարդկանց հետ, ովքեր մեծ արտիստի գործընկերներն են եղել թատրոնում եւ կինոյում` Շահում Ղազարյան, Սոս Սարգսյան, Լեւոն Թուխիկյան, Վախթանգ Կիկաբիձե: Ֆիլմը պատմում է ոչ միայն Մ.Մկրտչյանի ստեղծագործական գործունեության, այլ անձնական կյանքի մասին: Հ.Օրդյանի խոսքերով, ֆիլմն իր մեջ ներառում է նաեւ խաղարկային դրվագներ` ներկայացնելով մեծ արվեստագետի կյանքի կարեւորագույն պահերը: Երիտասարդ Մ.Մկրտչյանին մարմնավորել է երաժիշտ Արտակ Հակոբյանը, իսկ դերասանի կնոջ` Դոնարա Մկրտչյանի, կերպարում իր դեբյուտային դերով հանդես է եկել երիտասարդ դերասանուհի Շուշան Հովհաննիսյանը: «Իմ նպատակն էր ներկայացնել մեծ դերասանին այնպես, ինչպես նա իրականում եղել է: Ֆիլմում փորձ է արվում մեկ անգամ եւս ներկայացնել Մ.Մկրտչյանի մեծությունը»,- նշեց Հ.Օրդյանը: Ըստ նրա, երիտասարդ սերունդը պիտի ճանաչի իր մեծերին, եւ այդ պատճառով ինքը կշարունակի նկարահանել հայ արվեստագետներին նվիրված ֆիլմաշարը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play