ԲՈՒՀԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ
14-06-2007 20:00:00 | Հայաստան | Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարի բուհական
ընդունելության քննությունների երկրորդ փուլը` կենտրոնացված,
կմեկնարկի հուլիսի 20-ին: Ինչպես հունիսի 14-ի ասուլիսում հայտնեց
ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը, դիմորդների
հայտերի ընդունումը կանցկացվի հունիսի 15-ից հուլիսի 15-ը
ներառյալ: Նա նշեց, որ այս տարի ընդունելության քննությունները
ավելի շուտ կավարտվեն, քան նախորդ տարիներին, երբ դրանք ավարտվում
էին օգոստոսի 16-ին: Ըստ փոխնախարարի, դա հնարավոր կլինի միասնական
կարգով արդեն իսկ անցկացված «Հայոց լեզու, գրականություն» առարկայի
քննության քննադահլիճների օգտագործման շնորհիվ:
Ա.Ավետիսյանը նշեց, որ արդեն հրապարակվել է «Դիմորդ 2007»
ուղեցույցը, որտեղ ներառված են բոլոր կանոնակարգող փաստաթղթերը,
ինչպես նաեւ ՀՀ կառավարության որոշումները: Փոխնախարարը
տեղեկացրեց, որ ընդունելության քննությունների համակարգում
ծրագրային` քննական նյութերի, եւ գնահատման չափանիշների որեւէ
փոփոխություն տեղի չի ունեցել:
Նշվեց նաեւ, որ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական
հաստատությունների 2007-2008 ուսումնական տարվա համար պետության
կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ
փոխհատուցմամբ (անվճար) հատկացվել է 4132 եւ բուհերի կողմից ուսման
վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) 5881 ուսուցման
ընդունելության (բակալավրիատ) տեղեր` ըստ ուսումնական
հաստատությունների ու մասնագիտությունների: