ԼԵՎՈՆ ԳՈՒԼՅԱՆԸ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՊԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏՎԱԾ<br /> ՄԻՋԱԴԵՊԻՆ ԵՎ ԹԱՔՑՐԵԼ Է ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ<br /> ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԼԵՎՈՆ ԳՈՒԼՅԱՆԸ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՊԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՎԱՐՏՎԱԾ
ՄԻՋԱԴԵՊԻՆ ԵՎ ԹԱՔՑՐԵԼ Է ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ
ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ,- ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  • 22-05-2007 22:10:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համարելով, որ զանգվածային լրատվամիջոցներում եւ հասարակության մեջ շարունակում են շահարկվել Լեւոն Գուլյանի մահվան հանգամանքները` «հանիրավի որակումներ տալով ոստիկանության որոշ աշխատակիցների, ինչպես եւ չարամտորեն անվանարկելով ոստիկանությունն ընդհանրապես», ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը մայիսի 22-ին տարածել է հաղորդագրություն` ներկայացնելով ՀՀ Ոստիկանության պետի կողմից նշանակված ծառայողական քննության նախնական արդյունքները: Ըստ այդմ, մայիսի 9-ի ժամը 20:40-ի սահմաններում Երեւանի Մանանդյան փողոցի թիվ 17 շենքի առաջին հարկում գտնվող «Պանդոկ» ռեստորանի մոտ մի խումբ անձանց միջեւ վիճաբանության եւ ծեծկռտուքի ժամանակ հրազենի գործադրմամբ սպանվել է Ստեփան Գագիկի Վարդանյանը: Հաղորդագրության համաձայն, հիմնավորված է, որ կրակոցները հնչել են այն ընթացքում, երբ իր ռեստորանի մուտքի մոտ տեղի ունեցող տեւական վիճաբանության ձայների վրա Լ.Գուլյանը դուրս է եկել ու մոտեցել վիճաբանողներին: Նշվում է, որ Ս.Վարդանյանի դիակը հայտնաբերվել է «Պանդոկի» մուտքից մոտ 1,5 մետրի վրա, իսկ սպանվածի կողքին հայտնաբերվել է Լ.Գուլյանի բջջային հեռախոսի մարտկոցը: «Այնպես որ,- ըստ ոստիկանության հաղորդագրության,- առավել քան բավարար ապացույցներ կային, որ նա առնչություն է ունեցել սպանությամբ ավարտված միջադեպին»: Նախաքննության շրջանակներում «մայիսի 10-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում Լ.Գուլյանի հետ զրուցել է ՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հ.Թամամյանը»: Այնուհետեւ Ա.Գուլյանին հարցաքննել են Շենգավիթ համայնքի դատախազությունում: Ըստ ոստիկանության հաղորդագրության, «հարցաքննությունների ժամանակ Լ.Գուլյանը թաքցրել է գործին առնչվող կարեւոր հանգամանքներ եւ սպանությոնը կատարող անձանց ինքնությունը»: Մայիսի 12-ին ՀՀ Ոստիկանության ՔՀԳՎ-ի 2-րդ վարչության առաջին բաժնի պետի աշխատասենյակում շուրջ 30 րոպե Լ.Գուլյանի հետ զրուցելուց հետո բաժնի պետը դուրս է եկել սենյակից` արդյունքները ՔՀԳՎ-ի ղեկավարությանը զեկուցելու համար, ինչից հետո Գուլյանը աշխատասենյակում գտնվող աշխատակցից ջուր է խնդրել եւ օգտվելով նրա բացակայությունից ժամը 15:20-ի սահմաններում փորձել է փախչել սենյակի պատուհանից եւ վայր է ընկել: Մինչ շտապ բուժօգնության ժամանելը ոստիկանության աշխատակիցները փորձել են օգնություն ցուցաբերել նրան, սակայն Լ.Գուլյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Իսկ ոստիկանության գնդապետ Հ.Թամամյանը, ըստ ծառայողական քննության նախնական արդյունքների, մայիսի 10-ից ի վեր Լ.Գուլյանի հետ որեւէ առնչություն չի ունեցել: Լ.Գուլյանի մահվան կապակցությամբ Երեւան քաղաքի դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ ՀՀ ոստիկանության պետի կողմից նշանակված ծառայողական քննությունը շարունակվում են: Ընթացքի մեջ է նաեւ Ստեփան Վարդանյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play