Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցելու Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտին <br /> <br />


Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցելու Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտին

  • 11-07-2011 15:43:24   | Հայաստան  |  Տնտեսություն
Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրին առնչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափփի հանդիպման ժամանակ։ Կողմերը մտքեր են փոխանակել՝ կապված Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի ընթացքի եւ շարունակականության անհրաժեշտության հետ։ Շեշտելով, որ ոլորտի բարեփոխումները եւ ջրամատակարարման որակի բարելավումը քաղաքապետարանի ծրագրային առավել կարեւոր առաջնահերթություններից է, քաղաքապետն ընդգծել է որ մայրաքաղաքում, ցավոք, ջրամատակարարման որակը չի բավարարում բնակչության պահանջները եւ ետ է մնում հանրային ծառայություն մատուցող մյուս ընկերություններից։ Կարեն Կարապետյանը նշել է նաեւ, որ քաղաքապետարանը պատրաստակամ է աջակցել ոլորտի կանոնակարգման գործընթացին՝ ինչպես կառավարման, այնպես էլ ֆինանսավորման նոր աղբյուրներ ներգրավելու հարցում՝ միաժամանակ ակնկալելով Համաշխարհային բանկի եւ այլ դոնորների աջակցությունը։ Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, խոսելով բանկի կողմից Հայաստանում ներկայում իրականացվող ծրագրերի շուրջ եւ գնահատելով բարեփոխումների ընթացքը ՝ Հայաստանում ՀԲ գրասենյակի ղեկավարը նշել է, որ ջրամատակարարման ոլորտում աշխատանքները կազմակերպելու եւ հետագա քայլերը հստակեցնելու համար անհրաժեշտ է ունենալ համակարգում տիրող իրավիճակի ռեալ գնահատական։ Վերջինս հաստատել է Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտին աջակցելու Համաշխարհային բանկի պատրաստակամությունը՝ առաջիկայում հարցը քննարկելով ՀՀ կառավարության հետ։
Նոյյան տապան  -   Տնտեսություն