ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ԿՄԵԿՆԻ ՀՆԴԿԱՍՏԱՆ


ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ ԿՄԵԿՆԻ ՀՆԴԿԱՍՏԱՆ

  • 19-02-2007 17:17:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԷՋՄԻԱԾԻՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Փարիզ, ուր մասնակցում է Ֆրանսիայում Հայաստանի տարվա պաշտոնական բացման արարողությանը եւ Հայրապետական իր օրհնությունը կբերի թեմական պատգամավորական անդրանիկ ժողովին: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից, փետրվարի 22-ին Ֆրանսիայից Նորին Սրբությունը Հովվապետական այցով կմեկնի Հնդկաստան: Տասնօրյա այցի ընթացքում Նորին Սրբությունը կլինի Դելի, Կալկաթա, Մադրաս եւ Բոմբեյ քաղաքներում, կայցելի ՀՀ դեսպանատուն, հանդիպումներ կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նորին Սրբությունը կհանդիպի Կալկաթայի Մարդասիրական ճեմարանի պաշտոնեությանը եւ ուսանողությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կայցելի նաեւ տարբեր հայկական սրբավայրեր, այդ թվում Արեւելքի հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկը` Չինսուրայի Սուրբ Հովհաննու Կարապետի հայկական եկեղեցի: Այցի ժամանակ նախատեսվում են նաեւ պաշտոնական հանդիպումներ: Հնդկաստան այցի ընթացքում ՎԵհափառ Հայրապետին ուղեկցելու են Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը, Մայր Աթոռի միաբան Վարդան աբեղա Նավասարդյանը, Կտրիճ քահանա Դեւեջյանը եւ Հովնան աբեղա Հակոբյանը` որպես գավազանակիր:
Նոյյան տապան  -   Հասարակություն