2006 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 20%-ՈՎ ԱՃԵԼ Է ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ<br /> ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԹԻՎԸ<br />


2006 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 20%-ՈՎ ԱՃԵԼ Է ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ
ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԹԻՎԸ

  • 07-02-2007 17:37:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2006թ.-ին Հայաստանում գրանցվել է 1574 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 332 եւ մարմնական վնասվածք ստացել 2089 մարդ: Նախորդ տարվա համեմատությամբ, պատահարների քանակն աճել է 262-ով կամ 20%-ով, վիրավորների թիվը` 316-ով, զոհերինը` 22-ով: Այս մասին փետրվարի 7-ի ասուլիսում հայտնեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Հունանյանը: Ըստ նրա, հանրապետությունում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի ավելացումը մեծապես պայմանավորված է տրանսպորտային միջոցների քանակի զգալի աճով: Հ.Հունանյանը հայտնեց, որ միայն վերջին չորս տարիների ընթացքում հանրապետության տրանսպորտային պարկն ավելացել է մոտ 80 հազար ավտոմեքենաներով, այդ թվում 24 հազարով` 2006թ.-ին: Հ.Հունանյանը նշեց նաեւ, որ համակարգում ներկայումս իրականացվում են լուրջ բարեփոխումներ` ճանապարհապարեկային ծառայությունը նոր սկզբունքով կազմակերպելու առումով: Ըստ նրա, այդ բարեփոխումները միտված են ոչ միայն Ճանապարհային ոստիկանության գործունեությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելուն, այլեւ հանցագործությունների եւ իրավախախտումների կանխարգելման եւ բացահայտման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Հ.Հունանյանը հայտնեց, որ մայրաքաքաղի փողոցներում հանվել են անշարժ պարեկային կետերը, իսկ ծառայությունը իրականացվում է շրջիկ տարբերակով: «Փոխվելու է նաեւ ճանապարհային ոստիկանի արտաքին տեսքը: Նա պետք է լինի բարձրահասակ, բարեկիրթ, օտար լեզուներ իմանա»,- ասաց ՀՀ ոստիկանապետի տեղակալը:
Նոյյան տապան  -   Հասարակություն