Պլովդիվի հայկական վարժարանի հիմնադրման 175-ամյակը նշվել է<br /> հանդիսավոր միջոցառումով<br />


Պլովդիվի հայկական վարժարանի հիմնադրման 175-ամյակը նշվել է
հանդիսավոր միջոցառումով

  • 16-12-2009 18:45:00   | Բուլղարիա  |  Մշակույթ
ՊԼՈՎԴԻՎ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Պլովդիվի դրամատիկական թատրոնի դահլիճում նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել «Վիկտորյա եւ Գրիգոր Թութունջյաններ» հայկական վարժարանի հիմնադրման 175-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո-համերգ: Հանդիսությանը մասնակցել են Բուլղարիայում ՀՀ դեսպան Ս. Մանասարյանը, Հայ Առաքելական եկեղեցու Բուլղարիայի թեմական խորհրդի ատենապետ Ռուբեն Գրիգորյանը, «Սուրբ Գեւորգ» եկեղեցու եկեղեցական խորհրդի ատենապետը, Պլովդիվում ՀՀ պատվավոր հյուպատոս Եղիազար Ուզունյանը, Պլովդիվի քաղաքապետարանի, համայնքային խորհրդի, մշակութային եւ այլ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, վարժարանի ներկայիս եւ նախկին ուսուցիչներ, աշակերտներ, ինչպես նաեւ լրագրողներ: Ելույթ ունեցողները անդրադարձել են վարժարանի պատմությանն ու հիշատակել հիմնադիրներին ու բարերարներին: Կրթօջախը հնարավորություն է ընձեռել հարյուրավոր երեխաների ուսանել իրենց մայրենի լեզուն, գրականությունն ու պատմությունը: «Վիկտորիա եւ Գրիգոր Թութունջյաններ» վարժարանն սկսել է իր գործունեությունը Պլովդիվի «Սուրբ Գեւորգ» եկեղեցու հիմնադրումից հետո` 1834 թվականին: Սկզբում եղել է տղաների վարժարան, իսկ արդեն 1886 թվականից թույլատրվել է այնտեղ բացել նաեւ օրիորդաց «Վարվառյան» վարժարանը: Վարժարանի ֆինանսավորումը իրականացվել է համայնքի եւ եկեղեցու միջոցներով: Աշակերտների թիվը 80-120 է եղել: Ուսուցանվել են բուլղարերեն, բուսաբանություն, հայոց լեզու, ֆրանսերեն, թվաբանություն, կրոնագիտություն, նկարչություն, երգեցողություն, մարմնամարզություն: Հայերենի դասագրքերը բերվել են Կոստանդնուպոլսից: 1894 թվականից վարժարանին կից բացվել է մանկապարտեզ` երկու խմբով, յուրաքանչյուրում 35 երեխա: 1920 թ. վարժարանը դարձել է երկսեռ, աշակերտների թիվը հասել է 1000-ի: 1926 թ. փաստաբան եւ վարժարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վաղինակ Հայրապետյանի նախաձեռնությամբ ընդունվել է նոր ուսումնական ծրագիր: 1944 թվականին բարերարներ Վիկտորիա եւ Գրիգոր Թութունջյանների ֆինանսավորմամբ ամբողջովին վերանորոգվել է վարժարանի շենքը, որից հետո այն վերանվանվել է ի պատիվ բարերարների:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play