ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ 168 ՏԵՂԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՐԱՎՈՒՄ<br /> Է 101-ՐԴԸ<br />


ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ 168 ՏԵՂԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳՐԱՎՈՒՄ
Է 101-ՐԴԸ

  • 24-10-2006 12:05:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մամուլի ազատության մակարդակով աշխարհի 168 երկրների թվում Հայաստանը զբաղեցնում է 101-րդ տեղը,- ասվում է «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպանական կազմակերպության հետազոտության մեջ: Ռուսաստանը զբաղեցնում 147-րդ տեղը: Ըստ փաստաթղթի, Ռուսաստանում տեղի է ունենում ԶԼՄ-ների ազատության աստիճանական սահմանափակում` անկախ պարբերականների գնում նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած արդյունաբերական խմբերի կողմից, որոշ ոչ առեւտրային կազմակերպությունների գործունեության դադարեցում, լրագրողների անպատիժ սպանություն (մասնավորապես, Forbes հանդեսի խմբագիր Պոլ Խլեբնիկովի եւ «Նովայա գազետա»-ի մեկնաբան Աննա Պոլիտկովսկայայի): Մամուլի ազատության հետ կապված գործերի վիճակը ամենավատթարը Հյուսիսային Կորեայում է (168-րդ տեղը), Թուրքմենստանում (167-րդ տեղը) եւ Էրիթրեայում (166-րդ տեղը): ԱՊՀ մյուս երկրներից 155-րդ տեղում Ուզբեկստանն է: Բելոռուսիան զբաղեցնում է 151-րդ տեղը, իսկ Ուկրաինան Հնդկաստանի հետ կիսել է 105-րդ հորիզոնականը: Առաջին տեղը ըստ մամուլի ազատության միմյանց միջեւ կիսել են Ֆինլանդիան, Իռլանդիան, Իսլանդիան եւ Նիդեռլանդները, որտեղ չի արձանագրվել գրաքննության, լրագրողների նկատմամբ սպառնալիքի, հալածանքի եւ բռնության ոչ մի դեպք: Առաջին 15 տեղերը վարկանշային ցուցակում պատկանում են Եվրամիության երկրներին, բացառությամբ Նորվեգիայի (6-րդ տեղը) եւ Շվեյցարիայի (8-րդ տեղը): ԵՄ երկրներից ամենացածր դիրքում Լեհաստանն է (58-րդ տեղը): ԱՄՆ-ը հայտնվել է 53-րդ տեղում: Ֆրանսիան, որտեղ շարունակվում են խուզարկությունները թերթերի խմբագրություններում եւ լրագրողների բնակարաններում, գտնվում է 35-րդ տեղում, որը 24 կետ ցածր է, քան հինգ տարի առաջ: Ազգայնական տրամադրությունների վերելքը եւ էքսկլյուզիվ մամլո ակումբների ստեղծումը Ճապոնիայում այդ երկրի ռեյտինգը 14 կետ նվազեցրել են անցած տարվա համեմատ (51-րդ տեղը): Դանիան գրավել է 19-րդ տեղը, կորցնելով առաջատար դիրքը Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման շուրջ առաջացած սկանդալի պատճառով: Մամուլի էական ազատականացում է տեղի ունենում արաբական երկրներում: Լիբանանյան լրատվամիջոցների ռեյտինգը կրկնակի վատացել է լիբանանա-իսրայելական հակամարտության արդյունքում (հինգ տարում 51-րդ տեղից 107-րդը): Մամուլի ազատությունը մյուս մերձավորարեւելյան պետություններում նույնպես ցածր է գնահատվել իրավապաշտպանների կողմից. Իսրայելը գտնվում է 135-րդ, Պաղեստինի ինքնավարությունը` 134-րդ տեղում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play