ՌԵՋԵՓ ԹԱՅԻԲ ԷՐԴՈՂԱՆԸ ՇԱՏ ԱՇԽԱՏԵԼՈՒՑ ԳԵՐՀՈԳՆԵԼ Է<br />


ՌԵՋԵՓ ԹԱՅԻԲ ԷՐԴՈՂԱՆԸ ՇԱՏ ԱՇԽԱՏԵԼՈՒՑ ԳԵՐՀՈԳՆԵԼ Է

  • 18-10-2006 16:00:00   | Թուրքիա  |  Միջազգային
ԱՆԿԱՐԱ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեկ Թուրքիայի ժամանակով 11.00-ին Անկարայի կենտրոնական հիվանդանոցներից մեկն է փոխադրվել գիտակցությունը կորցրած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Հոսպիտալացման պատճառ է դարձել հիպոգլիկեմիկ ճգնաժամը (արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ փոփոխություն): Տասը ժամ հիվանդանոցում գտնվելուց հետո կառավարության ղեկավարի վիճակը բարելավվել է եւ բժիշկները Էրդողանին դուրս են գրել հիվանդանոցից: Ինչպես լրագրողներին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլլա Գյուլը, վարչապետի վիճակը վախ չի ներշնչում: «Վարչապետի աշխատանքային ժամանակացույցը վերջին օրերին շատ լարված է եղել»,- հայտնել է նախարարը հիվանդանոց այցելելուց հետո, որտեղ գտնվում էր Էրդողանը: «Վարչապետի արյան մեջ կտրուկ փոխվել է շաքարի մակարդակը, ահա եւ վերջ»,- ավելացրել է ԱԳՆ ղեկավարը: Էրդողանը, իր գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբի նիստին մեկնելիս, վատ է զգացել իրեն եւ նրան շտապ հիվանդանոց են տարել: Երբ վարչապետի ծառայողական ավտոմեքենան հասել է Անկարայում գտնվող Գյուվենյան հիվանդանոց, եւս մի դեպք է տեղի ունեցել: Այսպես, Էրդողանը չի կարողացել բացել ավտոմեքենայի դուռը եւ դուռը բացելու համար թիկնապահներին հարկ է եղել կոտրել ապակիները: Վարչապետին դժվարությամբ դուրս են բերել մեքենայից եւ տեղավորել սրտաբանական բաժանմունքում, որտեղ նա հետազոտվել է: Պարզվել է, որ հոգնածության եւ պաս պահելու հետ կապված նրա արյան մեջ կտրուկ նվազել է շաքարի տոկոսը եւ ընկել է ճնշումը,- հաղորդում է «Նովոստի» գործակալությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play