ՓԵՏՐՎԱՐԻ 4-ԻՆ ԿԱՄՓՈՓՎԵՆ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ
ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
26-01-2005 19:35:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 4-ին կամփոփվեն
Հայաստանի Թեքեյան Մշակութային միության (ՀԹՄՄ) հայտարարած «Վահան
Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները եւ մրցանակներ
կհանձնվեն 2003 թ. ստեղծված գործերի համար, իսկ երկու-երեք ամսից
կհայտարարվի մրցանակաբաշխությունը 2004 թ. ստեղծված աշխատանքների
համար: Այս մասին հայտնեց ՀԹՄՄ նախագահ Ռուբեն Միրզախանյանը
հունվարի 26-ին բացված ցուցահանդեսին, որում ցուցադրված են
մրցանակաբաշխությանը կերպարվեստի անվանակարգում ներկայացված
աշխատանքները:
Մրցանակները բաշխվելու են ութ անվանակարգերում` գեղարվեստական
գրականություն, երաժշտություն, կերպարվեստ, թատրոն, կինո,
ճարտարապետություն, հեռուստառադիոլրագրություն եւ հումանիտար
գիտություններ: Ըստ Ռ. Միրզախանյանի, որ ՀԹՄՄ-ը փորձում է
անվանակարգերի քանակն ավելացնելու հնարավորություն գտնել եւ
ներկայիս 8-ից 2005 թ. այն հասցնել 10-11-ի:
Յուրաքանչյուր անվանակարգում սահմանված են դրամական
մրցանակներ` 1000-ական ԱՄՆ դոլար, որոնք հատկացվելու են Թեքեյան
Մշակութային միության ԱՄՆ-ի եւ Կանադայի կազմակերպությունների
կողմից:
«Վահան Թեքեյան» մրցանակը ԹՄՄ-ը սահմանել է 2004 թ.
հունվարին: