«ՎԵՐՋԻՆ ՎԱԼՍԸ» ՃԱՆԱՉՎԵԼ Է ԴԱՄԱՍԿՈՍԻ ՓԱՌԱՏՈՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ<br /> ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ<br />


«ՎԵՐՋԻՆ ՎԱԼՍԸ» ՃԱՆԱՉՎԵԼ Է ԴԱՄԱՍԿՈՍԻ ՓԱՌԱՏՈՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

  • 07-12-2004 19:15:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Էդգար Էլբակյանի անվան «Արիոն» թատրոնի «Վերջին վալսը» համարվել է նոյեմբերի 19-30-ը Դամասկոսում կայացած միջազգային թատերական 12-րդ փառատոնում ներկայացված լավագույն բեմադրությունը: Այս մասին դեկտեմբերի 7-ի ասուլիսում հայտնեց թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը: Նա նշեց նաեւ, որ Ֆրիդրիխ Դյուրենմաթի պիեսում լավագույն դերակատարման համար ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը արժանացել է հատուկ մրցանակի: Ա.Էլբակյանը հայտնեց, որ թե հանդիսատեսը, թե տեղի մամուլը բարձր են գնահատել հայկական թատերախմբի կատարումը: «Մսրյանը անկրկնելի էր. իր վարպետությամբ նա հիացրեց բոլորին»,- նշեց ներկայացման ռեժիսորը: Փառատոնի տնօրեն Զուրել Ռամադանը, ըստ Ա.Էլբակյանի, նշել է, որ ինքը մի քանի անգամ է դիտել «Պագանինի» ֆիլմը եւ հիացել Վ.Մսրյանի արվեստով: Թատրոնի գեղարվեստական ղեկավարի խոսքերով, կատարյալ էր նաեւ Աննա Էլբակյանի դերակատարումը: Նշվեց, «Վերջին վալսը» փառատոնին ներկայացված ամենաերկար` 2 ժամ 10 րոպե տեւողությամբ, բեմադրությունն էր եւ խաղացվում էր առանց թարգմանության: Սակայն այն լրիվ ընկալելի էր օտարազգի հանդիսատեսների համար, որոնք, Ա.Էլբակյանի հավաստմամբ, ներկայացման ավարտից հետո «Բրավո, Արմենիա», «Բրավո Մսրյան» բացականչություններով էին արտահայտում իրենց հիացմունքը: Նշվեց նաեւ, որ Սիրիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ «Արիոնը» ներկայացումներ է խաղացել նաեւ Դամասկոսի եւ Հալեպի հայ համայնքների համար:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play