ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ. 2007Թ. ԸՆԴԳԾՎԱԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ<br /> ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ՄԻԱՅՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ<br />


ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ. 2007Թ. ԸՆԴԳԾՎԱԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ
ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ՄԻԱՅՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ

  • 28-12-2007 17:55:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ պետական բյուջեով 2008 թվականին Մշակույթի նախարարությանը հատկացվել է 7 մլրդ դրամ, որում, սակայն ներառված չեն մշակութային օջախների վերանորոգման ծախսերը, քանի որ դրանք իրականացնելու է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը: Մշակույթի ոլորտին հատկացված գումարի չափը էական փոփոխություն չի կրել 2007թ.-ի (6 մլրդ 793 մլն 641.3 հազար դրամ) հետ համեմատած: Այս մասին դեկտեմբերի 28-ին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նա հայտնեց, որ 2008թ. հուլիսի 1-ից կավելանան մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձերը: Նախարարի խոսքերով, 2007թ. իրականացված բազմաթիվ արտերկրյա եւ տեղական միջոցառումներից մի քանիսը, այդ թվում` Ֆրանսիայում Հայաստանի տարվան նվիրված ցուցահանդեսներն ու համերգները, դարձան տարվա ամենամեծ հաջողությունները: Ըստ նրա, այդ միջոցառումները իրենց որակական մակարդակով դարձան հետագա համագործակցությունների ու ծրագրերի սկիզբ: Հ.Պողոսյանը նշեց նաեւ, որ մշակութային տարում ցայտուն եւ ընդգծված հաջողություններ թերեւս չի արձանգրվել միայն թատերական կյանքում. «չի ստեղծվել որեւէ գործ, որը դառնար տարվա խոսակցության նյութը ոլորտում»: «Թերեւս ինձ համար, գոնե միակ ներկայացումը եղել է ռեժիսոր Վահան Բադալյանի «Օֆելյայի ստվերների թատրոնը» ներկայացումը»,- ասաց նա: Նախարարը նշեց, որ այս առումով 2008 թվականին կփոփոխվի թատրոններին տրվող աջակցության ձեւը. «աջակցությունները կտրվեն արժանի ծրագրերի հեղինակներին եւ թատերական կոլեկտիվներին»: Հասմիկ Պողոսյանն անդրադարձավ նաեւ 2007թ. մշակույթի ոլորտի օրենսդրական աշխատանքներին` մասնավորապես նշելով 3 կարեւոր օրենսդրական նախաձեռնությունների` «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» եւ «Փաստաթղթերի պարտադիր օրինակի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերը, որոնք ներկայացվել են կառավարությանը: Կառավարություն է ներկայացվել արդեն «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play