ՆԱՏՕ-Ի ԶՈՐՔԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ<br /> ԿՈՍՈՎՈՅՈՒՄ<br />


ՆԱՏՕ-Ի ԶՈՐՔԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ
ԿՈՍՈՎՈՅՈՒՄ

  • 05-12-2007 18:44:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՏՕ-ի զորքերը պատրաստ են կանխարգելել առաջիկա շաբաթներին ալբանացիների եւ կոսովյան սերբերի միջեւ հնարավոր բախումները` կապված Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի որոշման հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով «Associated Press» գործակալությանը, հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական միացյալ ուժերի հրամանատար գեներալ Ջոն Կրեդդոկը: «Կարծում եմ, կգտնվեն մարդիկ, որոնք անկարգություններ կհրահրեն»,- նշել է Կրեդդոկը: Ըստ նրա, անվտանգության ապահովման ծրագիրը ներառում է Կոսովոյի երկրամաս 16 հազար զինծառայող արագ մտցնելու հնարավորություն: Անցած շաբաթ ավստրիական Բադեն քաղաքում ավարտվեցին Կոսովոյի կարգավիճակին նվիրված եռօրյա ուղիղ բանակցությունները Բելգրադի եւ Պրիշտինայի պատվիրակությունների միջեւ միջազգային միջնորդների «եռյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ) միջնորդությամբ: Կողմերին այդպես էլ չհաջողվեց միասնական կարծիքի հանգել երկրամասի ապագա կարգավիճակի վերաբերյալ: Պրիշտինան կրկին պահանջում էր լիակատար անկախություն, իսկ Բելգրադը` առաջարկում ամենալայն ինքնավարություն: Այժմ «եռյակը» պատրաստում է զեկույց, որը պետք է դեկտեմբերի 10-ին ներկայացվի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Այնուհետեւ փաստաթուղթը կփոխանցվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որը եւ կորոշի հետագա քայլերը Կոսովոյի կարգավիճակի հարցը կարգավորելու ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play