ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ<br /> ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ, ՈՐԻ ՀԱՍՈՒՅԹԸ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ՀԹԳՄ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ<br />


ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՀԱՅՏՆԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ
ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ, ՈՐԻ ՀԱՍՈՒՅԹԸ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ ՀԹԳՄ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ

  • 29-11-2007 18:55:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ դեկտեմբերի 3-ին Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում հայաստանյան թատրոնների անվանի դերասանների մասնակցությամբ կկայանա համերգ-հեռուստամարաթոն («Հ2» հեռուստաընկերությամբ), որից ստացված հասույթը կփոխանցվի ՀԹԳՄ հիմնադրամին: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: Նրա խոսքերով, հիմնադրամի առաջնային եւ հիմնական նպատակն է աջակցել թատրոնի մարդկանց ստեղծագործական գործունեությանը: Հիմնադրամի գումարներով կվերանորգվեն ՀԹԳՄ շենքի վերջին հարկը եւ դահլիճը: Հ.Ղազանչյանը նշեց, որ յուրաքանչյուր ռեժիսոր կամ դերասան ցանկացած պահի կարող է օգտագործել բեմը` փորձերի կամ նոր ներկայացումներ բեմադրելու համար: Բացի այդ, հիմնադրամը գումարներ կտրամադրի երիտասարդ ռեժիսորներին` ներկայացումներ բեմադրելու համար: «Ներկայացում բեմադրելը լինելու է բացառապես ազատ, ցենզուրա չի լինելու: Պարզապես տարբեր թատրոնների ներկայացուցիչներից կստեղծվի հանձնաժողով, որն էլ կուսումնասիրի ներկայացված ծրագրերն ու կտրամադրի որոշակի գումար»,- ընդգծեց ՀԹԳՄ նախագահը: Հետագայում, ըստ նրա, տարբեր ներդրողների կողմից, ինչպես նաեւ ակցիաների արդյունքում գումարներ կփոխանցվեն հիմնադրամի հաշվին: Նշենք, որ դեկտեմբերի 3-ին կայանալիք համերգ-հեռուստամարթոնի տոմսերի արժեքը տատանվում է 2000-10000 դրամի սահմաններում: Հ.Ղազանչյանը նշեց, որ վաճառվել են նաեւ 50 հատ 30000 դրամանոց տոմսեր:
Նոյյան տապան  -   Մշակույթ