ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԹԻՄ ՁԵՌՔ ԲԵՐԵՑ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ<br /> ՈՒԵՖԱ-Ի ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ <br />


ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎՍ ՄԵԿ ԹԻՄ ՁԵՌՔ ԲԵՐԵՑ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ
ՈՒԵՖԱ-Ի ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ

  • 09-06-2004 20:55:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աշտարակի «Միկան», որ վերջերս ստանալով համապատասխան արտոնագիրը, նախապատրաստվում էր հանդես գալ ՈՒԵՖԱ-ի «Ինտերտոտոյի» մրցաշարում, հանդես կգա ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում: Այս հնարավորությունը Հայաստանին ընձեռվել է երեկ Գերմանիայի Բոխում քաղաքում կայացած վիճակահանության արդյունքում: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան, 2004/05 թվականների "Fair Play"` «Ազնիվ խաղի» մրցանակը պետք է վիճարկեին 12 երկրներ, որոնք «Ազնիվ խաղի» դասակարգման ցուցակում վաստակել էին 8-ից բարձր միավոր: Հայաստանը դասակարգման 7-րդ հորիզոնականում էր: Շվեդիան, որն առաջին տեղում էր 8,314 միավորով, առանց վիճակահանության իրավունք ստացավ թիմ ներկայացնելու ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում: Շվեդիայից այդ իրավունքին արժանացավ «Էստեր» թիմը: Վիճակահանության արդյունքով, մասնակից մյուս 11 երկրներից երկուսը` Հայաստանը եւ Ուկրաինան, վաստակեցին եւս մեկական տեղ ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում: Այդ է պատճառը, որ «Միկան» Ինտերտոտոյի մրցաշարից կտեղափոխվի ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշար: Հայաստանի ակումբներից «Կոտայքը», որն ըստ նախորդ տարվա Հայաստանի ազգային առաջնության եւ գավաթի խաղարկության «Ազնիվ խաղի» դասակարգման ցուցակում առաջին հորիզոնականն էր գրավել եւ կարող էր հանդես գալ ՈՒԵՖԱ-ի` Ինտերտոտոյի գավաթի մրցաշարում, արտոնագրում չունենալու պատճառով դուրս մնաց վերոհիշյալ մրցաշարի մասնակցությունից:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play