ՍՄԲԱՏ ԼՊՈՒՏՅԱՆԻ ՀԵՏ ՄԻԱԺԱՄԱՆԱԿՅԱ ԽԱՂՈՒՄ ԽԱՂԱՂ ԱՐԴՅՈՒՆՔ<br /> ԱՐՁԱՆԱԳՐԱԾ 3 ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ԿՀԱՆՁՆՎԻ ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ<br />


ՍՄԲԱՏ ԼՊՈՒՏՅԱՆԻ ՀԵՏ ՄԻԱԺԱՄԱՆԱԿՅԱ ԽԱՂՈՒՄ ԽԱՂԱՂ ԱՐԴՅՈՒՆՔ
ԱՐՁԱՆԱԳՐԱԾ 3 ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ ԿՀԱՆՁՆՎԻ ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ

  • 26-05-2004 20:22:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հետ մայիսի 26-ին խորհրդարանում կայացած միաժամանակյա խաղում ոչ-ոքիի հասած 3 անձանց կհանձնվի շախմատի մեկական կոմլեքս: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց միջոցառման նախաձեռնող` ԱԺ-ի Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը: Նշենք, որ գրոսմայստերի հետ ուժերը չափած 17 անձանցից, որոնց թվում էին ԱԺ-ի 12 պատգամավոր, խաղաղ արդյունք էին արձանագրել միայն պատգամավորի օգնական Արտակ Մանուկյանը, ԱԺ պատգամավորներ Արմեն Մխիթարյանը («ՀՀԿ» խմբակցություն) եւ Գագիկ Մխեյանը («Օրինաց երկիր» մբակցություն): Մնացած 14 մասնակիցները պարտվեցին: «Ես կցանկանայի, որ Հայաստանում սիրողական շախմատը այնքան զարգացած լիներ, որ նրա ներկայացուցիչները կարողանային գրոսմայստերներին դիմադրություն ցուցաբերել»,- մինչ խաղի ավարտը լրագրողներին ասել էր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նա նաեւ համոզմունք էր հայտնել, որ Հայաստանում չի կարող լինել որեւէ սիրողական մակարդակի շախմատիստ, որը կարող է նույնիսկ ոչ-ոքի խաղալ անվանի գրոսամյստերի հետ: Ի տարբերություն Ս.Սարգսյանի, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ցանկություն էր հայտնել, որ պատգամավորները կարողանան հաղթել գրոսմայստերին: Օրվա հերոսը` Սմբատ Լպուտյանը, թեեւ տրամադրված էր բավականին մարտական, միեւնույն ժամանակ հաջողություն մաղթեց խորհրդարանականներին, նշելով, որ վերջիններիս հաղթանակը իրեն կուրախացնի: «Ես ուրախանում եմ, երբ միություն եմ տեսնում կյանքում, եւ տա Աստված, որ միությունը լինի եւ' մեր ԱԺ-ում, եւ' մեր հասարակության մեջ»,- ասաց անվանի գրոսմայստերը` խաղին բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, այդ թվում ընդդիմության, մասնակցությունը նկատի ունենալով:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play