Եվրոհամայնքը Հայաստանի միջուկային անվտանգութեան ոլորտին
կտրամադրի 7,2 մլն եւրոյի դրամաշնորհ
24-02-2009 19:00:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային Ժողովը
փետրուարի 24-ին վաւերացրեց նախօրէին քննարկված երեք միջազգային
համաձայնագրեր.
- 2008 թ.-ի յուլիսի 6-ին Երեւանում ստորագրուած «Հայաստանի
Հանրապետութեան եւ Չեխիայի Հանրապետութեան միջեւ եկամուտների եւ
գոյքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը
կանխելու մասին» համաձայնագիրը,
- 2007թ.-ի յունիսի 27-ին Բրիւսէլում ստորագրուած «Մի կողմից`
Հայաստանի Հանրապետութեան եւ միւս կողմից` Եւրոպական համայնքների
ու դրանց անդամ պետութիւնների միջեւ գործընկերութեան եւ
համագործակցութեան համաձայնագրին Բուլղարիայի Հանրապետութեան եւ
Ռումինիայի միանալու մասին» արձանագրութիւնը,
- Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան եւ Եւրոպական
համայնքների յանձնաժողովի միջեւ 2008թ.-ի փետրուարի 7-ին
Բրիւսէլում եւ 2008թ.-ի յուլիսի 7-ին Երեւանում ստորագրուած
«Միջուկային անվտանգութեան 2007թ.-ի գործողութիւնների ծրագրի` Մաս
երկրորդ» ֆինանսաւորման համաձայնագիրը:
Վերջին համաձայնագրով Հայաստանին տրամադրուող դրամաշնորհի
ընդհանուր գումարը 7,2 մլն եւրօ է: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ
ֆինանսների փոխնախարար Վարդան Արամեանի, այդ գումարի հիմնական
մասը` 6,4 մլն եվրոն, նպատակաուղղուելու է Հայաստանի ատոմային
էլեկտրակայանում վթարների կանխմանը, չափիչ սարքավորումների եւ
հսկողութեան համակարգերի բարելաւմանը, իսկ 0,8 մլն եվրոն` ՀՀ
կառավարութեանն առընթեր Միջուկային անվտանգութեան կարգաւորման
պետական կոմիտէի ինստիտուցիոնալ կարողութիւնների բարելաւմանը: