ԼԵՒՈՆ ԳՈՒԼԵԱՆԸ ԱՌՆՉՈՒԹԻՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՊԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՒԱՐՏՈՒԱԾ<br /> ՄԻՋԱԴԷՊԻՆ ԵՎ ԹԱՔՑՐԵԼ Է ՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ<br /> ԻՆՔՆՈՒԹԻՒՆԸ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹԻՒՆԸ<br />


ԼԵՒՈՆ ԳՈՒԼԵԱՆԸ ԱՌՆՉՈՒԹԻՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ ՍՊԱՆՈՒԹՅԱՄԲ ԱՒԱՐՏՈՒԱԾ
ՄԻՋԱԴԷՊԻՆ ԵՎ ԹԱՔՑՐԵԼ Է ՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ
ԻՆՔՆՈՒԹԻՒՆԸ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹԻՒՆԸ

  • 22-05-2007 22:10:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համարելով, որ զանգվածային լրատվամիջոցներում եւ հասարակութեան մէջ շարունակում են շահարկվել Լեւոն Գուլեանի մահուան հանգամանքները` «հանիրաւի որակումներ տալով ոստիկանութեան որոշ աշխատակիցների, ինչպէս եւ չարամտօրէն անվանարկելով ոստիկանութիւնն ընդհանրապես», ՀՀ Ոստիկանութեան հասարակայնութեան հետ կապի եւ լրատւութեան վարչութիւնը մայիսի 22-ին տարածել է հաղորդագրութիւն` ներկայացնելով ՀՀ Ոստիկանութեան պետի կողմից նշանակուած ծառայողական քննութեան նախնական արդիւնքները: Ըստ այդմ, մայիսի 9-ի ժամը 20:40-ի սահմաններում Երեւանի Մանանդյան փողոցի թիւ 17 շէնքի առաջին հարկում գտնուող «Պանդոկ» ռեստորանի մօտ մի խումբ անձանց միջեւ վիճաբանութեան եւ ծեծկռտուքի ժամանակ հրազենի գործադրմամբ սպանուել է Ստեփան Գագիկի Վարդանեանը: Հաղորդագրութեան համաձայն, հիմնաւորուած է, որ կրակոցները հնչել են այն ընթացքում, երբ իր ռեստորանի մուտքի մօտ տեղի ունեցող տեւական վիճաբանութեան ձայների վրայ Լ.Գուլեանը դուրս է եկել ու մօտեցել վիճաբանողներին: Նշւում է, որ Ս.Վարդանեանի դիակը յայտնաբերուել է «Պանդոկի» մուտքից մօտ 1,5 մետրի վրայ, իսկ սպանվածի կողքին յայտնաբերուել է Լ.Գուլեանի բջջային հեռախօսի մարտկոցը: «Այնպէս որ,- ըստ ոստիկանութեան հաղորդագրութեան,- առաւել քան բաւարար ապացոյցներ կային, որ նա առնչութիւն է ունեցել սպանությամբ աւարտուած միջադէպին»: Նախաքննութեան շրջանակներում «մայիսի 10-ին ոստիկանութեան Շենգաւիթի բաժնում Լ.Գուլեանի հետ զրուցել է ՀՀ Ոստիկանութեան Քրէական հետախուզութեան գլխաւոր վարչութեան պետի առաջին տեղակալ Հ.Թամամյանը»: Այնուհետեւ Ա.Գուլյանին հարցաքննել են Շենգաւիթ համայնքի դատախազութիւնում: Ըստ ոստիկանութեան հաղորդագրութեան, «հարցաքննութիւնների ժամանակ Լ.Գուլեանը թաքցրել է գործին առնչուող կարեւոր հանգամանքներ եւ սպանությոնը կատարող անձանց ինքնութիւնը»: Մայիսի 12-ին ՀՀ Ոստիկանութեան ՔՀԳՎ-ի 2-րդ վարչութեան առաջին բաժնի պետի աշխատասենեակում շուրջ 30 րոպե Լ.Գուլեանի հետ զրուցելուց յետոյ բաժնի պետը դուրս է եկել սենյակից` արդիւնքները ՔՀԳՎ-ի ղեկավարութեանը զեկուցելու համար, ինչից յետոյ Գուլեանը աշխատասենեակում գտնուող աշխատակցից ջուր է խնդրել եւ օգտվելով նրա բացակայութիւնից ժամը 15:20-ի սահմաններում փորձել է փախչել սենեակի պատուհանից եւ վայր է ընկել: Մինչ շտապ բուժօգնութեան ժամանելը ոստիկանութեան աշխատակիցները փորձել են օգնութիւն ցուցաբերել նրան, սակայն Լ.Գուլեանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Իսկ ոստիկանութեան գնդապետ Հ.Թամամյանը, ըստ ծառայողական քննութեան նախնական արդիւնքների, մայիսի 10-ից ի վեր Լ.Գուլեանի հետ որեւէ առնչութիւն չի ունեցել: Լ.Գուլեանի մահուան կապակցութեամբ Երեւան քաղաքի դատախազութիւնում յարուցուած քրէական գործի նախաքննութիւնը եւ ՀՀ ոստիկանութեան պետի կողմից նշանակուած ծառայողական քննութիւնը շարունակւում են: Ընթացքի մէջ է նաեւ Ստեփան Վարդանեանի սպանութեան փաստով յարուցուած քրէական գործի նախաքննութիւնը:
  -   Հասարակութիւն