ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՄԲԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ
70-ԱՄԵԱԿԸ ԿԸ ՆՇԱՆԱՒՈՐԻ ՎԵՐԴԻԻ «նաբուկո» ՕՊԵՐԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ
ՊՐԵՄԻԵՐԱՅՈՎ
10-04-2007 15:07:00 | Հայաստան | Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 19-ին «Արամ
Խաչատրեան» համերգասրահում Հայաստանի պետական ակադեմիական
երգչախմբի համերգային կատարմամբ կկայանայ Վերդիի «Նաբուկո» օպերայի
հայաստանեան պրեմիերան: Այն նուիրուած կլինի երգչախմբի հիմնադրման
70-ամեակին: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց երգչախմբի
գեղարուեստական ղեկավար եւ դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
Յովհաննէս Չեքիջեանը, «Նաբուկոն» երգչախումբը դեռեւս 1985թ.-ին
կատարել է Լենինգրադում:
Ըստ նրա, ապրիլի 19-ի համերգով կսկսուի երգչախմբի յոբելեանին
նուիրուած միջոցառումների շարքը Երեւանում եւ մարզերում: Հ.Չեքիջեանը
յայտնեց, որ նախատեսւում է հոգեւոր երաժշտութեան մէկ համերգ
կազմակերպել Երեւանի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում, եթէ Ամենայն
Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն տայ իր համաձայնութիւնը:
Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը հիմնադրուել է
1937թ.-ին: 1961թ.-ից երգչախումբը ղեկավարում է Հ.Չեքիջեանը:
Վերջինիս ղեկավարութեան օրոք երգչախումբը միայն արտերկրում ունեցել
է հազարից աւելի համերգ: