ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՄԲԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ
70-ԱՄՅԱԿԸ ԿՆՇԱՆԱՎՈՐԻ ՎԵՐԴԻԻ «նԱԲՈՒԿՈ» ՕՊԵՐԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ
ՊՐԵՄԻԵՐԱՅՈՎ
10-04-2007 15:07:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 19-ին «Արամ
Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ակադեմիական
երգչախմբի համերգային կատարմամբ կկայանա Վերդիի «Նաբուկո» օպերայի
հայաստանյան պրեմիերան: Այն նվիրված կլինի երգչախմբի հիմնադրման
70-ամյակին: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց երգչախմբի
գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
Հովհաննես Չեքիջյանը, «Նաբուկոն» երգչախումբը դեռեւս 1985թ.-ին
կատարել է Լենինգրադում:
Ըստ նրա, ապրիլի 19-ի համերգով կսկսվի երգչախմբի հոբելյանին
նվիրված միջոցառումների շարքը Երեւանում եւ մարզերում: Հ.Չեքիջյանը
հայտնեց, որ նախատեսվում է հոգեւոր երաժշտության մեկ համերգ
կազմակերպել Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, եթե Ամենայն
Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն տա իր համաձայնությունը:
Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է
1937թ.-ին: 1961թ.-ից երգչախումբը ղեկավարում է Հ.Չեքիջյանը:
Վերջինիս ղեկավարության օրոք երգչախումբը միայն արտերկրում ունեցել
է հազարից ավելի համերգ: