ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԵՐԷՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂՆԵՐԻ ԹԻՒԸ ՎԵՐՋԻՆ
ՏԱՍՆԱՄԵԱԿՈՒՄ ՆՈՒԱԶԵԼ Է
12-03-2007 20:03:00 | Հայաստան | Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանկոֆոնիայի միջազգային
օրուայ կապակցութեամբ Երեւանում մարտի 13-22-ը յայտարարուած է
ֆրանկոֆոնիայի շաբաթ:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանութեան եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային
կազմակերպութեան հայաստանեան կենտրոնի` «Ալիանս ֆրանսեզ»-ի
ջանքերով այս օրերին Երեւանում կազմակերպուելու են մի շարք
միջոցառումներ. «Նաիրի» կինոթատրոնում ցուցադրվելու են ֆրանսիական
ֆիլմեր, Պետական համազգային թատրոնում ֆրանսերենով բեմականացուելու
է Է.Ռոստանի «Ռոմանտիկները» պիեսը, Հայաստանի ֆրանսիական
համալսարանում, Վ. Բրիւսովի անուան լեզուաբանական եւ Երեւանի
պետական համալսարաններում անց են կացուելու «Ոսկէ բառ» եւ «Ոսկէ
գրիչ» լեզուաբանական խաղերը: Համանման միջոցառումներ են անցկացուելու
նաեւ Գիւմրիում:
Մարտի 20-ին նշւող Ֆրանկոֆոնիայի միջազգային օրուայ առթիւ
ֆրանսերենին եւ ֆրանսիական մշակոյթին նուիրուած մեկշաբաթեայ
հանդիսութիւններ են տեղի ունենալու Ֆրանկոֆոնիայի միջազգային
կազմակերպութեան իսկական անդամ կամ դիտորդի կարգավիճակ ունեցող
երկրներում: Կազմակերպութեան իսկական անդամ է 55 երկիր, եւս 13-ը,
այդ թւում Հայաստանը (2004 թ.-ից), ունի դիտորդ երկրի կարգավիճակ:
Ըստ «Ալիանս ֆրանսեզ»-ի տուեալների, վերջին 10 տարում
Հայաստանում նուազել է ֆրանսերենն ուսումնասիրողների տոկոսը.
Հայաստանում ֆրանսերէն են սովորում օտար լեզու ուսումնասիրողների
12, իսկ անգլերէն` 80 տոկոսը: