ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԵՐԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՎԵՐՋԻՆ
ՏԱՍՆԱՄՅԱԿՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է
12-03-2007 20:03:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանկոֆոնիայի միջազգային
օրվա կապակցությամբ Երեւանում մարտի 13-22-ը հայտարարված է
ֆրանկոֆոնիայի շաբաթ:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային
կազմակերպության հայաստանյան կենտրոնի` «Ալիանս ֆրանսեզ»-ի
ջանքերով այս օրերին Երեւանում կազմակերպվելու են մի շարք
միջոցառումներ. «Նաիրի» կինոթատրոնում ցուցադրվելու են ֆրանսիական
ֆիլմեր, Պետական համազգային թատրոնում ֆրանսերենով բեմականացվելու
է Է.Ռոստանի «Ռոմանտիկները» պիեսը, Հայաստանի ֆրանսիական
համալսարանում, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական եւ Երեւանի
պետական համալսարաններում անց են կացվելու «Ոսկե բառ» եւ «Ոսկե
գրիչ» լեզվաբանական խաղերը: Համանման միջոցառումներ են անցկացվելու
նաեւ Գյումրիում:
Մարտի 20-ին նշվող Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ
ֆրանսերենին եւ ֆրանսիական մշակույթին նվիրված մեկշաբաթյա
հանդիսություններ են տեղի ունենալու Ֆրանկոֆոնիայի միջազգային
կազմակերպության իսկական անդամ կամ դիտորդի կարգավիճակ ունեցող
երկրներում: Կազմակերպության իսկական անդամ է 55 երկիր, եւս 13-ը,
այդ թվում Հայաստանը (2004 թ.-ից), ունի դիտորդ երկրի կարգավիճակ:
Ըստ «Ալիանս ֆրանսեզ»-ի տվյալների, վերջին 10 տարում
Հայաստանում նվազել է ֆրանսերենն ուսումնասիրողների տոկոսը.
Հայաստանում ֆրանսերեն են սովորում օտար լեզու ուսումնասիրողների
12, իսկ անգլերեն` 80 տոկոսը: