ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «ՀՀ 2007թ.-ի պետական
բիւջէի մասին» ՀՀ օրէնքին համապատասխան, փետրուարի 8-ի նիստում ՀՀ
կառավարութիւնը հաստատել է ՀՀ 2007թ.-ի պետական բիւջէի
համապատասխան ծրագրով նախատեսուած «Որոտան- Արփա-Սեւան» թունելների
շահագործման վարչութիւն» պետական հիմնարկի պահպանման,
Որոտան-Արփա-Սեւան ջրային համակարգի շահագործման, տեխնիկական
վիճակի բարելաւման եւ նորոգման 2007թ.-ի ծրագիրը:
Նիստում հաստատուել են նաեւ ջրօգտագործողների
ընկերութիւններին (ՋՕԸ) պետական ֆինանսական աջակցութեան
բարեփոխումների հիմնադրոյթները, որոնց հիմնական նպատակներն են`
ջրօգտագործողներին աջակցութիւնն ու մասնակցային կառավարման
ամրապնդումը, ջրօգտագործողների ընկերութիւնների գործունէութեան
արդիւնաւէտութեան բարձրացումն ու ինքնածախսածածկման մակարդակի
աստիճանական աւելացումը, ինչպէս նաեւ պետական ծախսերի
կանխատեսելիութեան ու բաշխման արդիւնաւէտութեան աճը: Նշուվել է, որ
բարեփոխումների արդիւնքում կապահովուի ջրօգտագործողների
ընկերութիւններին պետական ֆինանսական աջակցութեան
(սուբսիդաւորման) ներկայումս կիրառուող ծախսային աւանդական մեթոդից
անցումը ըստ արդիւնքների դրամաշնորհային օժանադակության
տրամադրման:
Հաստատուել են նաեւ 2007-2011թթ.-ի կտրուածքով` ըստ
ջրօգտագործողների ընկերութիւնների պետական ֆինանսական աջակցութեան
գնահատուող չափաքանակները, ինչպէս նաեւ ոռոգման ջրի կորուստների
առաւելագոյն մակարդակները:
Որոշումն ընդունուել է հիմք ընդունելով նաեւ ՀԲ-ի «Աղքատութեան
յաղթահարման աջակցութեան երրորդ վարկի» նախապատրաստման ճապոնական
դրամաշնորհի շրջանակում ՀՀ ոռոգման համակարգի ֆինանսական եւ
կառուցուածքային բարեփոխումների իրականացման ծրագրով ներկայացուած
առաջարկութիւնները:
Ինչպէս նիստից յետոյ յայտնեց ՀՀ Տարածքային կառավարման
նախարարութեան Ջրային տնտեսութեան պետական կոմիտէի նախագահ
Անդրանիկ Անդրէասեանը, դրամաշնորհային աջակցութեան մեթոդը
հնարաւորութիւն է տալիս գնահատել ՋՕԸ-երի աշխատանքի արդիւնքները,
որոնց հիման վրայ էլ կտրամադրուի աջակցութիւնը: Նոր մեթոդը, ամենայն
հաւանականութեամբ, կկիրառուի 2008թ.-ից: Այս տարի կմշակուեն դրա
կիրառման հետ կապուած համպատասխան իրաւական փաստաթղթերը:
Նշուեց, որ դրամաշնորհը տրվելու է այն ՋՕԸ-երին, որոնք
աշխատելու են երեք սկզբունքով. պէտք է պահպանեն ոռոգւող
տարածքները, չավելացնեն պարտքերը եւ պահպանեն սակագնի որոշակի
սահմանը:
Ա.Անդրէասեանի խօսքերով, հանրապետութիւնում գործող 51
ՋՕԸ-երի տեխնիկական հնրավորությունները թոյլ են տալիս բաւարար
ջրամատարարում ապահովել: