1886 թ. ծնվել է նշանավոր հայ զորավար, պետական, ռազմական գործիչ Գարեգին Նժդեհը
-- :: | Հայաստան | Ծննդյան տարեդարձեր
1886 թ. հունվարի 1-ին Նախիջևանի Կզնութ գյուղում ծնվել է նշանավոր հայ զորավար, պետական, ռազմական գործիչ և քաղաքագետ, ազգային-ազատագրական շարժման գործիչ Գարեգին Նժդեհը (Տեր-Հարությունյան): Բալկանյան պատերազմի ժամանակ եղել է «Երկրորդ» (հայկական) վաշտի հրամանատար, 1914 թ. զորագնդի հրամանատարի օգնականի պաշտոնով անդամագրվել է հայկական կամավորությանը, եղել է կամավորական երկրորդ գնդի հրամանատար Դրոյի օգնականը, 1917 թ. եղել է Ալեքսանդրապոլի գործադիր կոմիտեի անդամ և քաղաքային կոմիսար, նույն թվականին ընտրվել է Թիֆլիսում կայացած Հայոց ազգային համախորհրդակցության (կայացել է 1917 թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 13-ը) 228 պատգամավորներից մեկը, ապա` Անդրանիկի, Աբրահամ Գյուլխանդանյանի, Արսեն Շահմազյանի, Դրոյի, Ռուբեն Տեր-Մինասյանի
և այլոց հետ ընդգրկվել «Ճակատի պահպանության և վտանգված վայրերի ապահովության» ՀՅԴ 15 անձից բաղկացած հանձնախմբում, 1919 թ. եղել է Գառնիի գումարտակի հրամանատար:
Հրատարակել է «Էջեր իմ օրագրեն» աշխատությունը (Կահիրե, 1924 թ.), «Ազատ Սյունիք» հոդվածաշարը (Բոստոնի «Հայրենիք» ամսագրում, 1925 թ.), «Որդիների պայքարը հայրերի դեմ» (Սալոնիկ, 1927 թ.), «Բաց նամակներ հայ մտավորականությանը» (Բեյրութ, 1929 թ.) «Ցեղի ոգու շարժը» (Սոֆիա, 1932 թ.). «Ամերիկահայությունը-Ցեղը և իր տականքը» (Սոֆիա, 1935 թ.), «Իմ պատասխանը» (Սոֆիա, 1937 թ.) աշխատությունները, Հայկ Ասատրյանի հետ Սոֆիայում հիմնել է «Ռազմիկ» թերթը (1937 թ.), Հ.Ասատրյանի և Ն.Աստվածատուրյանի հետ հիմնել է «Տարոնի արծիվ» շաբաթաթերթը (1938 թ., որով պաշտոնապես սկսվել է տարոնական շարժումը), հիմնել է «Բուլղարա-հայկական կոմիտեն» (1942 թ.), ընտրվել կոմիտեի համանախագահ, հիմնել և գլխավորել է «Ռուսահայերի բարեգործական եղբայրություն» հասարակական կազմակերպությունը (Սոֆիա, 1943 թ.), 1955
թ. մայիսին ավարտել է խորհրդածությունների «Անձնավկայություն» աշխատությունը:
Երևանի բանտում գտնվելու ժամանակ հետաքննությանն ուղղված հատուկ դիմումներում Նժդեհն իր ծառայություններն է առաջարկել Թուրքահայաստանը Հայաստանին վերամիավորելու գործողություններում` պատրաստակամություն հայտնելով ներկայացնել ռազմական գործողությունների մանրամասն ծրագիր: 1946-47 թթ. խորհրդային անվտանգության մարմինների առաջարկով պատրաստել է Թուրքիայի դեմ ռազմական գործողությունների մի քանի նախագիծ, առաջարկել է սփյուռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն` իռեդենտա:
2005 թ. դեկտեմբեր-2006 թ. հուլիս ամիսների ընթացքում Հայաստանում և Արցախում ստորագրահավաքներ են կատարվել Ամենայն հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսներին ուղղված նամակների տակ, որոնցով առաջարկվել է Գարեգին Նժդեհին դասել Հայաստանյայց եկեղեցու սրբերի շարքը: (Վախճ. 1955 թ.):