2006 թ․ օգոստոսի 17-ին վախճանվել է սփյուռքի հայտնի հասարակական գործիչ Գեւորգ Գանտահարյանը
-- :: | Լիբանան | Մահվան տարելիցներ
Գեւորգ Գանտահարյանը ծնվել է 1925 թվականին Դամասկոսում: Ծնողները Այնթապցիներ էին: Իր ծնունդից կարճ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվում է Բեյրութ: Մանուկ Գեւորգը իր նախնական կրթությունը ստանում է Կերթմենյան վարժարանում եւ Հայ Ավետարանական քոլեջում: Այնուհետեւ նա փոխադրվում է Հալեպ, ուր հաճախում է Կրթասիրաց եւ Ուսումնասիրաց վարժարանները: Վարժարանը ավարտում է 1938-ին: Ամերիկայի Ա. Ա. միությունը նույն տարում որոշում է Հալեպի երկու առաջադեմ աշակերտի ուղարկել Անթիլիասի դպրեվանքը` մասնագիտանալու հայագիտության մեջ: Ըստ նախնական ծրագրի` դպրեվանքը ավարտելուց հետո նրանք իրավունք էին ստանալու շարունակելու իրենց ուսումը Ամերիկայում` իրենց նախընտրած մասնագիտության գծով: Ընտրված երկու աշակերտներից մեկը եղել է Գեւորգ Գանտահարյանը: Նույն տարում էլ Կրթասիրաց վարժարանի շրջանավարտը դառնում է Անթիլիասի դպրեվանքի աշակերտ:
Կյանքի հանգամանքները միշտ ավելի զորավոր են ու բախտորոշիչ, քան կանխապես լավ մշակված որեւէ մտադրություն, բաղձալի որեւէ նպատակի հասնելու ձգտում կամ մտադրություն: Ի բարեբախտություն հետագայի իր հազարավոր սաների ու աշակերտների, Ամերիկա մեկնելու ծրագիրը ինչ-ինչ հանգամանքների պատճառով չի կայանում: Փոխարենը դպրեվանքում ուսումը ավարտելուց անմիջապես հետո Գեւորգ Գանտահարյանը կարգվում է դպրեվանքի ուսուցիչ: Հավանաբար իր մտքով անգամ չի անցել, որ հետագա իր ողջ կյանքը այլեւս կապվելու է դպրեվանքին:
1965 թվականից Գեւորգ Գանտահարյանը երեսուհինգ տարի անընդմեջ զուգահեռաբար դասավանդել է նաեւ «Համազգային»-ի Ճեմարանի մեջ: Դասավանդել է, նույնպես զուգահեռաբար, Հայկազյան համալսարանում եւ «Համազգային»-ի Հայագիտական հիմնարկում:
Իր մանկավարժական գործունեության տասնյակ տարիների ընթացքում Գեւորգ Գանտահարյանը դասավանդել է հայ մատենագրություն, հայ հին գրականության պատմություն, գրաբար, հայ երաժշտության պատմություն եւ այլ առարկաներ ու դասընթացքներ: Եւ տարիներ շարունակ վաստակյալ բանասերն ու մանկավարժը ինքն է հավաքել անհրաժեշտ բոլոր նյութերը, դասընթացքներ եւ ձեռնարկներ շարադրել սաների ու աշակերտների համար` այդ եղանակով նրանց ապահովելով անհրաժեշտ գրքերով ու դասընթացներով: Ցավոք, այդ շարադրանքներն ու մշակումները ամբողջությամբ չեն պահպանվել:
Մանկավարժական գործունեությանը զուգահեռ Գեւորգ Գանտահարյանը տասնյակ ու տասնյակ տարիներ զբաղվել է նաեւ երաժշտական-խմբավարական գործունեությամբ: Դպրեվանքում ուսանելու տարիներից, ինչպես իր հասակակիցներն ու սերնդակիցներն են վկայում, առանձնակի սեր ու հակում է ցուցաբերել երաժշտության, մանավանդ հայ հոգեւոր եւ դասական երաժշտության հանդեպ: Նա հիմնադրել է բազմաձայն մի շարք երգչախմբեր, երգացանկում ընդգրկելով թե՛ մեր հոգեւոր-եկեղեցական երաժշտությունը, թե՛ աշխարհիկ-ժողովրդական երգերը: Եւ այդ երգչախմբերով նա համերգային բուռն գործունեություն է ծավալել` շրջելով հայ գաղութները, տարածելով հայ երգն ու երաժշտությունը, երաժշտությամբ դաստիարակելու նոր սերունդներին, հայ երաժշտությամբ նրանց ներարկելով ազգային ոգի եւ ինքնագիտակցություն: Եւ հարկ է ասել, որ իր երգչախմբերի ելույթներն ու համերգները միշտ էլ ընդունվել են մեծ սիրով, հիացմունքով ու խանդավառությամբ: Բավական է թերթել մեր գաղթօջախների մամուլի էջերը` վերն ասվածի մեջ համոզվելու համար: Գեւորգ Գանտահարյանի կազմակերպած ու հիմնադրած ու ղեկավարած «Զվարթնոց», «Կոմիտաս», «Կանաչյան», «Շնորհալի», «Հոբելենական» երգչախմբերը վիթխարի դեր են կատարել հայ համանքների կյանքում` ձեւավորելով տարբեր սերունդների մարդկանց երաժշտական ճաշակը, գիտելիքներ եւ ազգային զգացողությունը, նրանց ներաշխարհը լցնելով հայկական բառի ու խոսքի, երգի ու երաժշտության հարստությամբ եւ գեղեցկությամբ, համակելով նրանց ազգային ոգու եւ երգի շնչով, թույլ չտալով, մարդկանց հոգիներում իշխեն օտար երգն ու բառը, ոչ հայեցի ապրումներն ու զգացումները, եւ այդպիսով ծառայել է հայապահպաման եւ ազգապահպանման մեծ գործին:
Գեւորգ Գանտահարյանը եղել է նաեւ հայտնի հասարակական գործիչ, Լիբանանի հայ համայնքի հանրային-մշակութային կյանքի խոշորագույն դեմքերից մեկը: Նա մշտապես մաս է կազմել Լիբանանի թեմի Քաղաքական ժողովի, Ուսումնական խորհուրդի, Ազգային ընդհանուր ժողովի: Իր ներկայությունն ու մասնակցությունը համասփյուռքյան եւ համահայկական խորհրդաժողովներին եղել է միշտ գործուն եւ արգասավոր:
Մի շրջանում Գեւորգ Գանտահարյանը ստանձնել է «Բարսեղ Կանաչյան» երաժշտանոցի տնօրենի պաշտոնը, եղել է նաեւ Ազգային խորհրդի ատենապետ: Նա միշտ նման է եղել է այն զինվորին, ով անտրտունջ ընդունել է ծառայության հրահանգը եւ իր առջեւ դրված նպատակը համարել է ամենից կարեւորը:
Գեւորգ Գանտահարյանի մանկավարժական, հանրային ու մշակութային գործունեությունը նրան բերել է համընդհանուր հարգանք եւ մեծ ճանաչում: 1974 թվականին երջանկահիշատակ Տ. Տ. Խորեն Ա. կաթողիկոսը նրան պարգեւատրել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, 1988 թվականին երջանկահիշատակ Տ. Տ. Գարեգին Բ. կաթողիկոսը Օրհնության գիր շնորհելով գնահատել է Գեւորգ Գանտահարյանի կյանքը եւ գործը: 2005 թվականին, ծննդյան 80-ամյակին առթիվ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը, Օրհնության եւ գնահատանքի գիր շնորհելով, արժանավորել է Գեւորգ Գանտահարյանի հիսնամյայ մանկավարժական գործունեությունը, ինչպես նաեւ իր ծառայությունները հայ եկեղեցուն եւ հայ հանրային-մշակութային կյանքին:
Գեւորգ Գանտահարյանը իր մահկանացուն կնքեց 2006 թվականի օգոստոսի 17-ին: Մահկանացուն հողեղեն-երկրային ուղին ավարտվեց, բայց շարունակում է հայ քրիստոնյայի հետմահու կյանքը իր ազգային ու հասարակական, մանկավարժական ու մշակութային գործունեության թողած խոր հետքի տեսքի:
Հայաստանի Հանրապետության Կրթության եւ գիտության նախարարությունը արժեւորել եւ բարձր է գնահատել Գեւորգ Գանտահարյանի վաստակը կրթության եւ մանկավարժության ասպարեզում` 2008 թվականին, հետմահու, պարգեւատրելով նրան նախարարության բարձրագույն պարգեւով` «Ոսկե մետալ»-ով: Իսկ Սփիւռքի նախարարութիւնը պարգեւատրել է Կոմիտասի անվան մեդալով։ Գէրոգ Գանտահարյանի անվան հանդիսությունների դահլիճ է գործում Հայաստանի հանրապետության նոր Այնթապ գյուղում, սփյուռքահայ գործիչի անվան սրահ Բայրութում, Համազգայինի մշակութային կենտրոնում, Աթենքում Գեւորգ Գանտահարյանի անվան գրադարան-թանգարան։