Մահացել է 98 գյուտերի հեղինակ Միքայել Զալինյանը


Մահացել է 98 գյուտերի հեղինակ Միքայել Զալինյանը

  • -- ::   | Հայաստան  |  Մահվան տարելիցներ


Կյանքից հեռացել է ականավոր գիտնական, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր, ԽՍՀՄ գյուտարար, Ռուսաստանի Դաշնության բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության Ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիական խորհրդական, Երևանի պետական համալսարանի և Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի վաստակաշատ նվիրյալ, ավելի քան 300 գիտական աշխատանքների ու մենագրությունների, 98 գյուտերի հեղինակ Միքայել Գարեգինի Զալինյանը:
 
Միքայել Գարեգինի Զալինյանը ծնվել է 1930 թ. մայիսի 24-ին Ստեփանավանի շրջանի Ղզղալա գյուղում:
 
1947 թ. ավարտել է Կիրովական քաղաքի Հովհ.Թումանյանի անվան թիվ 3 դպրոցը:
 
1952 թ.ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը և աշխատանքի է հրավիրվել համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնում: Տասնյակ տարիներ 1952 թ. – 1981 թ.  դասավանդել և իրականացրել է գիտահետազոտական
գործունեություն:
 
1952-1959 թթ.  համատեղությամբ, որպես քիմիայի ուսուցիչ, աշխատել է Երևանի թիվ 10 ռուսական դպրոցում:
 
1952 թվականից սկսած Միքայել Զալինյանը Հայաստանում առաջին անգամ իրականացրել է հետազոտական աշխատանքներ լակտոնների սինթեզի ուղղությամբ, ինչի  հիման վրա ստեղծվել են մի շարք բազմաֆունկցիոնալ լակտոնային միացություններ և զարգացվել է նոր գիտական ուղղություն՝ լակտոնների քիմիան:  Երևանի Պետական Համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնն այս ուղղությամբ իրավամբ համարվում էր աշխարհում լակտոնների քիմիայով զբաղվող հիմնական կենտրոններից մեկը, իսկ Զալինյանը՝ այս ուղղության առաջնեկը Հանրապետությունում:
 
Դրա վառ վկայությունն են Խորհրդային Միության 300-ից ավելի ստացված հեղինակային արտոնագրերը, որոնք  վերաբերում են ֆիզիոլոգիապես ակտիվ՝ ցավազրկող, մկանաթուլացնող, հակաբորբոքային, հակաստրեսային, ուղեղի արյան շրջանարությունը կարգավորող, սրտանոթային՝ հիպոթենզիվ, քնաբեր, հակաալերգիկ, հակացնցումային, հանգստացնող, հակախոցային,  շնչառությունը կարգավորող հատկություններ ցուցաբերող և էտալոններին գերազանցող նյութերի ստացմանը:
 
1963 թ. Միքայել Զալինյանը պաշտպանել է  թեկնածուական ատենախոսությունը:
 
1968-1975 թթ. ղեկավարել է  ԵՊՀ-ում ստեղծված պատենտային ծառայությունը:
 
1974 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը:
 
1981 թ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի հրավերով ստանձնել է բնական գիտությունների ամբիոնի վարիչի պաշտոնը, որը ղեկավարել է մինչև 1997 թ.:
 
Միքայել Զալինյանը շուրջ 58 տարի զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, որից 52 տարի դասավանդել է Երևանի պետական համալսարանում և Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում:
 
Միքայել Զալինյանը 20 տարուց ավելի (1970-1992 թթ.) սերտ համագործացել է Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունների ու կազմակերպությունների՝ քիմիական ռեակտիվների գործարանի, Կիրովականի պոլիմերային սոսինձների, ամինաթթուների սինթեզի տեխնոլոգիական
գիտահետազոտական ինստիտուտների և այլ կառույցների հետ: Լուրջ ներդրումներ է կատարել մի շարք արդյունաբերական նյութերի ստացման համար էկոլոգիապես մաքուր, անթափոն տեխնոլոգիական արտադրական եղանակների մշակման գործում:
 
Միքայել Զալինյան գիտնական-մանկավարժն անտարբեր չի եղել նաև մատաղ սերնդի կրթության և դաստիարակության նկատմամբ. նա 33 տարի՝ 1960-1993 թթ.  անփոփոխ իրականացրել է դպրոցականների «Քիմիա» առարկայի քաղաքային և հանրապետական օլիմպիադաների աշխատանքների կազմակերպումն ու անցկացումը: 1960-1993 թթ. դպրոցականների հանրապետական օլիմպիադայի «Քիմիա» առարկայի մրցութային  հանձնաժողովի նախագահն էր:
 
Զալինյանը, հաշվի առնելով մայրենի լեզվով քիմիայի օժանդակ ձեռնարկի բացակայությունը, դպրոցականների և ուսանողոների համար մայրենի լեզվով առաջին անգամ կազմել և հրատարակել է Քիմիայի ձեռնարկն իր 4 հրատարակություններով (1967 թ, 1968 թ, 1974 թ, 2003 թ.):
 
2010 թվականին Միքայել Գարեգինի Զալինյանին Հանրապետության նախագահի հրամանագրով  շնորհվել է Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
 
Միքայել Զալինյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 16-ին` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Նոյյան տապան   -   Մահվան տարելիցներ