1908 թ. դեկտեմբերի 24-ին ծնվել է կանադահայ հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշը<br />


1908 թ. դեկտեմբերի 24-ին ծնվել է կանադահայ հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշը

  • -- ::   | Հայաստան  |  Ծննդյան տարեդարձեր

Յուսուֆ Քարշը ծնվել է

1908թ. Արեւմտյան Հայաստանում: Նրա ընտանիքը հրաշքով փրկվել է Եղեռնի ժամանակ: 1924թ. 16-ամյա տղային ուղարկում են Կանադա` Քվեբեկ (Շերբուրգ), որտեղ ապրում էր նրա հորեղբայրը` լուսանկարիչ Ջորջ Նաքաշյանը: Վերջինս նկատում է, որ տղան կարողանում է լուսանկարչական ապարատով մարդկանց նկարել հետաքրքիր դիրքերով: Լինելով այս գործի մարդ` Նաքաշյանը որոշում է իր զարմիկին տանել այդ տարիներին Կանադայում հայտնի լուսանկարիչ Ջոն Գարոյի մոտ: Այնուհետեւ Յուսուֆ Քարշը տեղափոխվում է մայրաքաղաք Օտտավա, որտեղ 1932թ. նրան հաջողվում է բացել սեփական ստուդիան` դիմանկարներ անելու համար :

Հայաստանում ծնված, Կանադայում մեծ անուն հանած մեր հայրենակից լուսանկարիչ Յուսուֆ Քարշը մահացել է 2002 թվականին` 93 տարեկան հասակում: Բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացած այս լուսանկարչի կյանքի 65 տարիները ողողված են եղել փառքով: Նա աշխատել է 20-րդ դարի լեգենդների հետ: Այս դարաշրջանի մեծերից շատերը, որոնց մենք այսօր ճանաչում ենք լուսանկարներով, հավերժացել են հենց մեր հայրենակցի լուսանկարչական ապարատի շնորհիվ:

Նրանք են Սոմերսեթ Մոեմը, Էռնեստ Հեմինգուեյը, Ֆրանկլին
եւ Էլիանոր Ռուզվելտները, Ալբերտ Էյնշտեյնը, Պաբլո Պիկասոն, Ֆիդել Կաստրոն, Ջոն Քենեդին, Բիլ եւ Հիլարի Քլինթոնները, Շառլ դը Գոլը, Բերնարդ Շոուն, Ալբեր Քամյուն, Ջորջ Պոմպիդուն, Ժան Կոկտոն, Մարտին Լյութեր Քինգը, Յուրի Գագարինը եւ այլք:
Ամենահետաքրքիր պատմությունը կապված է Ուինսթոն Չերչիլի հետ:

1962թ., երբ արդեն Քարշը ոչ պակաս լեգենդ էր, ինչպես այն մարդիկ, որոնց հավերժացրել էր իր իսկ լուսանկարչական ապարատի շնորհիվ, հայազգի լուսանկարիչը թողարկում է ինքնակենսագրական մի գիրք` «Շքեղություն փնտրելիս»: Սա, իհարկե, նրա առաջին գիրքը չէր, սակայն այս գրքում Քարշ լուսանկարիչն առաջին անգամ խոսում էր Քարշ մարդու մասին: Դեռ 1946թ. լույս էր տեսել նրա «Ճակատագրի դեմքեր» հայտնի դիմանկարների ժողովածուն: «Մեկ նկարը չի կարող հզոր ազդեցություն թողնել: Այն ավելի հզոր է, երբ հավաքական պատկերի մեջ է ներկայացված»,- այս ժողովածուն ներկայացնելիս ասել է Քարշը:

1992-ին 83 տարեկան Քարշը հրապարակեց «Ամերիկայի ամենահայտնի 73 տղամարդկանց եւ կանանց տանը» գիրքը, որը կազմվել էր Քարշի նյույորքյան տուրնեից հետո: Մեկ այլ տուրնե էլ նա կատարել էր Ֆրանսիայով, որտեղ նրա ֆոտոսեսիաներին մասնակցել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք էին Ջ. Պոմպիդուն, Ա. Քամյուն, Շ. դը Գոլը եւ այլք:

Աշխարհի ամենահայտնի թանգարաններում ցուցադրվել են այս հանճարեղ լուսանկարչի աշխատանքները: Հրապարակվել է նաեւ առանձին գիրք նրա մասին, որտեղ նրա երկու եղբայրները (որոնցից մեկը նույնպես լուսանկարիչ է եղել), ինչպես նաեւ Քարշի կինը` Էստրելիտան, պատմում են այս լեգենդի մասին կադրից դուրս: Գիրքը կոչվում է «Ժամանակի մեջ մեկ րոպե»: 2000թ. լույս տեսավ միջազգային մասշտաբով «Ով ով է աշխարհում» հայտնի հանդեսը, որտեղ 100 ամենահայտնի մարդկանց ցուցակում հայտնվել էր նաեւ Յուսուֆ Քարշը: Ի դեպ, այստեղ նա Կանադայի միակ քաղաքացին էր: Հարկ է նշել, որ ամենահայտնի մարդկանց այս ցուցակում տեղ են գտել այն մարդիկ, որոնց ժամանակին լուսանկարել էր Յուսուֆ Քարշը:

Յուսուֆ Քարշը մահացել է վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով 2002թ.-ին` 93 տարեկանում, Բոստոնում, որտեղ ապրել է կյանքի վերջին տարիների ընթացքում: Նրա կյանքի պատմությունը հարուստ է 15.000 հրաշալի լուսանկարներով, որոնք ոչ միայն մեծ փառք են բերել լուսանկարչին, այլեւ շատ ու շատ լեգենդար մարդկանց ներկայացրել են շահեկան դիրքից:

«Ես ամեն օր անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ սկսելու աշխատել,- մի անգամ ասել է Յ. Քարշը,- ինձ թվում է, որ իմ աշխատանքն աշխարհի ամենահետաքրքիր աշխատանքն է»:

 

Նոյյան տապան   -   Ծննդյան տարեդարձեր