1992թ. հուլիսի 3 - Զոհվել է Շուշիի գումարտակի հրամանատար լեգենդար Վարդան Ստեփանյանը


1992թ. հուլիսի 3 - Զոհվել է Շուշիի գումարտակի հրամանատար լեգենդար Վարդան Ստեփանյանը

  • -- ::   |   |  Մահվան տարելիցներ


1992թ. հուլիսի 3 - Զոհվել է Շուշիի գումարտակի հրամանատար լեգենդար Վարդան Ստեփանյանը (Դուշման Վարդան): Հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» առաջին կարգի շքանշանով: (Ծնվ. 1966 թ.):

 

Արցախյան պատերազմի հերոս Վարդան Դուշման Ստեփանյանը ծնվել է 1966թ. մարտի 9-ին Երևանում: Սովորել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան N32 միջնակարգ դպրոցում: Աչքի ընկել գերազանց առաջադիմությամբ: Մանկության տարիներին շատ ժամանակ է անցկացրել գրադարանում, որտեղ աշխատում էր նրա մայրը: Ընթերցել է Չարենց, Թումանյան, Շիրազ:1983թ. ավարտելով դպրոցը աշխատանքի է անցել բրդե գործվածքների գործարանում:1984թ. կամավոր ծառայության է անցել Աֆղանստանում` սովետական բանակի կազմում: Նա երազում էր տիրապետել ռազմական արվեստի ամբողջ հմտություններին: Նա կարծես կանխազգում էր, որ հայ ժողովրդին մի քանի տարի անց սպասվում էր իր պատերազմը, որ լինելու էր նույնքան դաժան ու արյունալի: «Աֆղանստան ծառայելու գնացի կամավոր, ուզում էի լավ կռվել սովորել և կռվեցի: Վատ զինվոր չեմ եղել և միշտ հավատացել եմ, որ մի օր Հայոց բանակի զինվոր եմ լինելու»: Զորացրվելուց հետո
Դուշմանը ընդունվում է Երևանի պետական համալսարանի «Իրավաբանական» ֆակուլտետ:
 
 
Արցախյան պատերազմի առաջին տարիներին համագործակցել է Հայ Դատի ռազմական թևի հետ: Արցախում զենքի պակաս կար և 1989թ. Վարդանը հատուկ առաջադրանքով մեկնում է Մոսկվա, որտեղից աներևակայելի ճանապարհով, ազատվելով դեռևս գոյություն ունեցող Սովետական միության ստուգումներից, կարողանում է Հայաստան հասցնել զենք ու զինամթերք, որն հետո ուղարկվում է Շուշիի Բերդաձոր գյուղ: Այնուհետև ընկերոջ` Արմեն Երիցյանի հետ ստեղծում է ռազմական «Ասպետ» դպրոցը, որտեղ պատրաստվում էին Արցախ մեկնող ֆիդայինները:
 
 Ընկերները նրան կոչում են «Դուշման» : Այս մականուն, նրան տվել էին թուրքերը, որոնց դեմ կռվում էր և որոնց սարսափ էր ներշնչում նա: Այնուհետև Դուշմանը մասնակցում է Իջևանի և Նոյեմբերյանի շրջաններում տեղի ունեցող մարտերին; Այնուհետև, մշակույթի աշխատողի փաստաթղթերով անցնում է Արցախ, որտեղ մասնակցում է Բադարա և Ասկերանի շրջանի Դագրավ գյուղերի ինքնապաշտպանության կազմակերպմանը: 1991թ. հոկտեմբերի 30-ին «Դաշնակցություն» ջոկատի կազմում, որի հրամանատարն էր Աշոտ Ղուլյանը (Բեկոր), մասնակցում է ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրման մարտերին: Այնուհետև Վարդանի ջոկատը մտնում է Քարագլուխ գյուղ, որը ադրբեջանցիների կողմից իրականացված «Օղակ» օպերացիայի արդյունքում ավերակ էր դարձել: Վարդանի տղերքի հաջորդ հաղթանակը Ստեփանակերտի արվարձան Կրկժանի` ադրբեջանական ամուր հենակետի, ոչնչացման ուղղված օպերացիան էր` 1992 թվականի հունվարի 22-ին: Կրկժանն ուղիղ կապ ուներ Շուշիի հետ, որտեղից թուրքերն անընդհատ մարդկային
ու ռազմական համալրում էին ստանում: Կրկժանի համար մղվող դիրքային մարտերը տևեցին ավելի քան մեկ ամիս և ահա եկել էր վճռական հարձակման անցնելու պահը: Հայկական գրոհը սկսվեց գիշերը`երկու ուղղությամբ: Իրականացված գործողության մեջ իրենց մեծ դերն ունեցան Դուշմանի տղերքը` շուրջ 40 կռվողներ: Նրա խումբը հարձակվելով թիկունքից` անակնկալի բերեց ազերիներին: Քարին Տակի հաղթանակը դարձավ հայկական ուժերի առաջին խոշոր հաղթանակը Արցախյան պատերազմում: Սա դրեց հայերի իրար հաջորդող հաղթանակների սկիզբը`1992 թվականի փետրվարի 10-ից սկսած հայկական ուժերը իրար ետևից ոչնչացրեցին Մալիբեյլ, Գուշչուլար և Լեսնո (Մեշալու) գյուղերի ադրբեջանական կրակակետերը: Այդ հաղթանակների ողջ քաղցրությունն ու դառնոթյունը զգաց և ինքը` Դուշմանը, որը մարտերի անմիջական մասնակիցն էր: Հաջորդ կարևորագույն հաղթանակներից էին Խոջալուի կրակակետերի ոչնչացումն էր փետրվարի 25-26-ի գիշերը և Ստեփանակերտ-ի օդանավակայանի ու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհների բացումն էր` ազատումը ազերիներից: 
 
Զոհվել է  1992 թվականի հուլիսի 3-ին, Արցախի Մյուրիշեն գյուղի մոտ, դավադիր ականից …
Վարդանի մարմինը հանձնվեց իր այդքան սիրելի հողին` Երևանում,հայ զինվորների գերեզմանոցում`Եռաբլուրում:
 
 
 
Նոյյան տապան   -   Մահվան տարելիցներ