Վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական դերասան Վաղարշ Վաղարշյանը
-- :: | Հայաստան | Մահվան տարելիցներ
1959 թ. մայիսի 6-ին Մոսկվայում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական դերասան Վաղարշ Վաղարշյանը (Վաղարշակ Տեր-Պետրոսյան):
Ծնվել է 1894թ. փետրվար 2 -ին Շուշի քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի թեմական դպրոցում։
1907թ.-ին երկու դասընկերների հետ գնում է Թիֆլիս: Ապագա դերասանին չի հաջողվում Ներսիսյան դպրոց ընդունվել, և դա փոխարնվում է առևտրական ուսումնարանով:
Ամո-Խարազյանի խումբը 1912թ.-ին ներկայացնում է պատանի թատերագրի հեղինակած առաջին՝ «Փող և տաղանդ» պիեսը: Հեղինակը դիտում է այդ ներկայացումը Հովհաննես Թումանյանի և դերասան Կ.Գալֆայանի հետ միևնույն օթյակում նստած: Նույն թվականին Մայսուրյանի, Միրաղյանի, Հասմիկի և այլոց հետ Վաղարշյանը հյուրախաղերի է մեկնում Գյանջա: Աննշան է լինում նրա մասնակցությունն այդ ներկայացումներին (ավելի շատ հուշարար էր Վաղարշյանը, քան դերասան):
1913թ.-ին Հովհաննես Թումանյանի հիմնադրած Կովկասյան հայ գրողների ընկերության առընթեր ստեղծվում է սկսնակ գրողների ընկերություն, որի անդամն է դառնում Վաղարշյանը:
Ապագա դերասանի կենսափորձը հարստացնում են նրա կյանքի հաջորդ դրվագները՝ ուսուցչություն հեռավոր Արդանուշի շրջանի Տանձուտ գյուղում, որ դրանից մի տարի չանցած, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, թուրքական հարձակմանը ենթարկվեց, ապա նաև ծառայությունը Բաքվի նավթարդյունաբերողների խորհրդում: Սակայն նրա ծառայությունը Բաքվում երկար չի տևում:
Բաքվում կազմակերպված մի թատերախմբի հետ նա մեկնում է հյուրախաղերի Հյուսիսային Կովկաս՝ Ղզլար, Ղուբա, Մոզդոկ, ապա Կրասնոդար, Ռոստով, Արմավիր և այլուր: Շրջագայող այս և ուրիշ խմբերում Վաղարշյանն անում է դերասանական առաջին քայլերը՝ դրամաներ, մելոդրամաներ, կոմեդիաներ, վոդևիլներ, օպերետներ: Եթե սկզբում երիտասարդ դերասանը խաղում է համեմատաբար աննշան դերեր, ապա հաջորդ տարին նրան վիճակվում է հանդես գալ խոշոր դերերով՝ Սեյրան, Օթարյան, Կրեչինսկի, Ֆերդինանդ:
Վաղարշյանի գործունեության առաջին շրջանը (1914-1923թթ.) Հյուսիսային Կովկասում որոշիչ եղավ Վաղարշյանի նաև քաղաքացիական նկարագրի ձևավորման համար, որը և հետագայում պայմանավորեց նրա արվեստի ուղղությունն ու բովանդակությունը: Այդ տասնամյակում տեղի ունեցավ Հոկտեմբերյան Մեծ հեղափոխությունը, բռնկվեցին քաղաքացիական կռիվներ: Երիտասարդ դերասանը հեղափոխական ժողովրդի հետ էր:
1923թ.-ից Վաղարշյանը հաստատվում է Երևանում, դառնում Առաջին պետական թատրոնի դերասան. սկսվում է նրա գործունեության հասուն շրջանը՝ ամեն ինչով տարբերվող նախորդից: Ամենից առաջ՝ խաղացանկով:
Հյուսիսային Կովկասում առաջին դերասանի դիրքի և առաջնակարգ դերի սովոր Վաղարշյանը Առաջին պետական թատրոնում մերվում է ընդհանուր դերասաններին: Այստեղ անցկացրած առաջին տասնամյակը նրա համար դառնում է ստեղծագործական կատարելության հասնելու տասնամյակ: Ամենատարբեր բնույթի ու ծավալի չորս տասնյակից ավելի դերակատարությունները հղկում, փայլ են տալիս դերասանի տաղանդին, և նա դառնում է թատրոնի առաջին անուններից մեկը: [1] 1941-1949-ին եղել է Գաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը։
Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Բ.Ռոմանշովի «Հրե կամուրջ»-ը, Տիգրան Հախումյանի «Թշնամին» և Ալեքսանդր Ֆադեևի «Ջարդը» (1931-32), Մաքսիմ Գորկու «Դոստիգաև և ուրիշներ» (1934), «Վասա Ժելեզնովա» (1937) և այլ դրամաներ։
1944-ից դասախոսել է Երևանի թատերական ինստիտուտում։ Նկարահանվել է նաև կինոյում։
Առաջին դրամաները գրել է 1918-1920-ին («Ղողանջ», «Սուլթան Աբդուլ Համիդ», «Գագիկ Երկրորդ»): ԽՍՀՄ առաջին գումարման Գերագույն սովետի դեպուտատ է: Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով: