Ծնվել է Մեսրոպ Մաշտոցը


Ծնվել է Մեսրոպ Մաշտոցը

  • -- ::   |   |  Ծննդյան տարեդարձեր


361 թվականի ապրիլի 5-ին ծնվել է հայ գրչության, հայագիր դպրոցի հիմնադիր եւ հայերենի առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցը:

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոնի գավառի Հացեկաց գյուղում: Վախճ. 440 թ. փետրվարի 17, Վաղարշապատ (այժմ Էջմիածին), թաղված Օշականում), հայկական գրի ստեղծող եւ հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Ա Պարթեւի հետ), հայ գրության, հայագիր (հայկական) դպրոցի հիմնադիր եւ հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, Հայաստանի եկեղեցու վարդապետ։ Մաշտոցի կյանքի ու գործունեության վերաբերյալ կան վավերական աղբյուրներ, այդ թվում նրա ժամանակակից եւ դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի», նաեւ Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները (շուրջ 30 հին եւ միջնադարյան աղբյուրներ)։

Մեսրոպ Մաշտոցը կիսազնվական Վարդանի որդին էր։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Սկզբնական շրջանում անցել է ծառայության հայոց Խոսրով III (մոտ 385 − 388) թագավորի արքունիքում,

եղել է զինվորական, ապա՝ պալատական գրագիր։ Մոտ 395/396 - ին դարձել է հոգեւորական, եւ մեկնել Վասպուրականի Գողթն գավառը, ուր տեղի իշխան Շաբիթից ստանալով գործելու ազատ հնարավորություն հիմնել է քրիստոնեական համայնքներ, եկեղեցական դասեր։ Շրջագայել է նաեւ Սյունիում։ Ունեցել է աշակերտներ, որոնք հետո դարձել են նրա օգնականները լուսավորական գործունեության ասպարեզում։ Այս շրջանում մտադրվել է ստեղծել հայկական գրեր՝ Աստվածաշունչը թարգմանլելու համար։ Վերադարձել է Վաղարշապատ, որտեղ կաթողիկոսի նախաձեռնությամբ հրավիրվել է հատուկ ժողով։ Մոտ 404 - ին Միջագետքից բերված Դանիելյան նշագրերով, կատարել է թարգմանական եւ ուսուցողական առաջին փորձերը, սակայն ապարդյուն։ Այդ ժամանակ ստացել է վարդապետի (ուսուցչի) աստիճան։

Վռամշապուհի եւ Սահակ Պարթեւի հրահանգով անձամբ մեկնել է Միջագետք, հանդիպել նույն Դանիել եպիսկոպոսի հետ։ Եղել է Եդեսիայում, Ամիդում, ապա՝ Սամոսատում։ Հանդիպումներ է ունեցել տեղի բարձրաստիճան հոգեւորականության հետ՝ Եդեսիայի եպիսկոպոս Բաբիլասի (Paquida, 398-408 թթ), Ամիդի եպիսկոպոս Ակակիոսի (400-409 թթ.) հետ, այցելել է Եդեսիայի գրադարան։ Մոտ 405-406 թթ. Եդեսիայում ավարտել է հայոց գրերի ստեղծումը։ Արեւմտահայաստան կատարելիք առաջին շրջագայությունից առաջ մեկնել է Վիրք, ուր վրաց Բակուր (մոտ 416-429 թթ.) արքայի, Մովսես եպիսկոպոսի, եւ թարմանիչ Ջաղայի օգնությամբ ստեղծել վրաց հին գիրը («խուցուրի»)։

Մոտ 420-422-ին մեկնել է Բյուզանդիա՝
Կոնստանդնուպոլիս, հանդիպել կայսր Թեոդոս II-ի եւ հունաց պատրիարք Ատտիկոսի հետ, որից հետո հայկական դպրոցներ է բացել Մեծ Հայքի բյուզանդահպատակ գավառներում, զուգահեռաբար պայքար մղել «բորբորիտներ» աղանդի դեմ։ Վերադարձից առաջ աղվան Բենիամինի հետ ստեղծել է աղվանից գիրը։ Բյուզանդական իշխանություններից ստացել է «ակումիտ» (άxουμήτης -ճգնող) տիտղոսը։ Այրարատ վերադառնալուց հետո անձամբ մեկնել է Աղվանք, հանդիպել աղվանից Արսվաղեն արքայի եւ Երեմիա եպիսկոպոսի հետ, կազմակերպել նոր գրի տարածումը, որտեղից անցել է Բաղասական գավառ, մղել հակաղանդավորական պայքար։ Այդ շրջանում եղել է Ուտիքի Գարդման գավառում, ապա՝ Գուգարաց Տաշիրքում։ Եվս մեկ անգամ Արեւմտյան Հայաստան է այցելել 420-ականների վերջին, եղել Բարձր Հայք գավառի Դերջան, Եկեղյաց, Սպեր եւ Շաղգոմք գավառներում։ 431-439-ի միջեւ կաթողիկոս Սահակի եւ աշակերտների հետ հիմնականում ավարտել է Աստվածաշնչի թարգմանությունը։ 439-ին նրա հրահանգով կաթողիկոսական աթոռի տեղապահ է դառնում Հովսեփ Վայոցձորցին։

Կյանքի վերջին տարիներին գրել է հոգեւոր շարականներ, կրոնա-փիլիսոփայական երկեր։

 

Նոյյան տապան   -   Ծննդյան տարեդարձեր