Տեղի կունենա Երևանում փողոցային էներգաարդյունավետ լուսավորության պիլոտային ծրագրի պաշտոնական շնորհանդեսը


Տեղի կունենա Երևանում փողոցային էներգաարդյունավետ լուսավորության պիլոտային ծրագրի պաշտոնական շնորհանդեսը

  • 27-03-2015 15:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Մարտի 27-ին ժամը 15:00-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համաժողովների դահլիճում տեղի կունենա Երևանում փողոցային էներգաարդյունավետ լուսավորության պիլոտային ծրագրի պաշտոնական շնորհանդեսը` «Մոլորակի ժամ» միջազգային բնապահպանական միջոցառման համատեքստում: 
    Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
   Ծրագրի շրջանակներում Երևանի կենտրոնը Զվարթնոց միջազգային օդանավակայանին միացնող ճանապարհահատվածում (Իսակովի պողոտա և Թաիրովի փողոց) տեղադրվել է մոտ 500 էներգաարդյունավետ լուսադիոդային լուսատուներ` ապահովելով ճանապարհային մակերեսի գործող պահանջներին համապատասխանող լուսավորվածություն:
          Նոր համակարգի տեղադրումն ապահովում է էլեկտրաէներգիայի մոտ 63 տոկոս  խնայողություն, ինչը տարեկան կտրվածքով թույլ կտա խնայել մոտ 45,000 ԱՄՆ դոլար և կրճատել ածխածնի երկօքսիդի արտանետումները 220 տոննայով: 
      Լուսավորության համակարգի էներգաարդյունավետ արդիականացման աշխատանքներն իրականացվել են ՀՀ բնապահպանության նախարարության համակարգման ներքո, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի /ՄԱԶԾ-ԳԷՖ/00074869/ շրջանակներում՝ համաձայն Երևանի քաղաքապետարանի հետ ստորագրած նամակ-հուշագրի:
        Ծրագրի շնորհանդեսը կազմակերպվել է «Մոլորակի ժամ» ամենամյա բնապահպանական միջոցառմանն ընդառաջ, որն ընդունված է նշել յուրաքանչյուր տարվա մարտի վերջին շաբաթ օրը, ժամը 20:30-ից 21:30-ը, խորհրդանշական մեկ ժամով անջատելով լույսերը՝ ի նշան մոլորակի հանդեպ ունեցած պարտավորությունների:
 
Օրակարգը կցվում է:
 
Օրակարգ
15:00 – 15:15 Ողջույնի խոսք
- Բրեդլի Բուսետո, ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ
- Արամայիս Գրիգորյան, ՀՀ բնապահպանության նախարար 
- Կամո Արեյան, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ 
15:15 – 15:30 Էներգախնայողության խնդիրները ՄԱԿ-ի ԿՓՇԿ ներքո
- Դիանա Հարությունյան, ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող
15:30 – 15:35 Պիլոտային նախագծի վերաբերյալ տեսահոլովակի ցուցադրում
15:35 – 16:00 Քննարկում
16:00 Հյուրասիրություն
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն