«Տաղարան» համույթը հանդես կգա Դանիել Երաժշտի 75-ամյակին նվիրված համերգով


«Տաղարան» համույթը հանդես կգա Դանիել Երաժշտի 75-ամյակին նվիրված համերգով

  • 22-12-2021 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան) դեկտեմբերի 22-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, հասարակական գործիչ Դանիել Երաժշտի 75-ամյակին նվիրված համերգով։
 
Որպես մենակատարներ հանդես կգան Ֆելիքս Հարությունյանը (ջութակ), Գրիգոր Հարությունյան (կլառնետ), Գալինա Ցոլակյանը (սոպրանո), Լուսինե Մարկոսյանը (մեցցո-սոպրանո), Արսեն Ստեփանյանը (տենոր), Լուսինե Դավոյանը (ուդ), Թերեզա Ոսկանյանը (երգեհոն), Հենրի Երկանյանը (թավջութակ), Հասմիկ Հարությունյանը (բլուլ):
 
Համերգային ծրագրում Դանիել Երաժշտի մշակումներն են։
 
Դանիել Երաժիշտը Հայաստանում առաջինն է հիմնադրել և ղեկավարել հոգևոր երաժշտության համույթներ՝ Հայհամերգի «Շարականը» («Տաղարան», 1982-1986), Ազգային ռադիոյի «Գանձերը» (1990-1991), և 1991 թվականից՝ կրկին «Շարականը», որի գեղարվեստական ղեկավարն է։ Առաջին «Շարականի» հետ համերգներով հանդես է եկել Մոսկվայում, Լենինգրադում, Ռումինիայում, Բուլղարիայում, Ավստրիայում։
 
Դանիել Երաժիշտը ելույթներ է ունեցել երգիչներ Լուսինե Զաքարյանի, Գևորգ Հունանյանի, Գրիգոր Համբարյանի, Արմենուհի Սեյրանյանի, Աննա Մայիլյանի և այլոց հետ, կատարել է բազմաթիվ ձայնագրություններ ռադիոյի ֆոնդի համար։ Մոսկվայի «Մելոդիա» ֆիրման թողարկել է «Շարական» մեծ սկավառակ, իսկ ԱՄՆ-ում թողարկվել է լազերային սկավառակ` շարականների, տաղերի, գանձերի իր մշակումներով, որոնք կատարում է Ազգային ռադիոյի «Շարական» համույթը (The music of Armenia, Sharakan, 1996)։
 
 
Նոյյան տապան   -   Համերգ